Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է այն ֆիլմերի կարճ ցուցակները` «շորթ-լիսթերը», որոնք պայքարելու են 2026թ-ի «Օսկար»-ի հավակնորդ դառնալու համար։ Կինոակադեմիայի կայքէջից տեղեկանում ենք, որ, «շորթ-լիսթերը» հրապարակվել են 12 անվանակարգերում, այդ թվում` «Լավագույն օտարալեզու ֆիլմ», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն վիզուալ էֆեկտներ» և այլն։
«Օսկար»-ի հավակնորդներին, որոնց ընտրելու են «շորթ-լիսթերից», կհայտարարեն հունվարի 22-ին։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 15-ին։ Մինչև այդ, շատ ավելի շուտ հունվարի 11-ին՝ կինոաշխարհի օրացույցում առանձնահատուկ մեկ այլ օր կա: Այդ օրը կկայանա 2026 թվականի «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում կհայտարարվեն տարվա լավագույն ֆիլմերն ու դերակատարների անունները։
Կինոաշխարհը շունչը պահած սպասում է հունվարի 11-ին․ այսպես են արտահայտվում կինոգետները՝ 2026–ի «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության մասին խոսելիս։ Երկրորդ տարին անընդմեջ փառատոնը վարելու է կատակերգու Նիկի Գլեյզերը։ Օրերս Լոս Անջելեսից ուղիղ եթերում դերասաններ Մառլոն Ուեյանսը և Սքայ Մարշալը ներկայացրին 83-րդ ամենամյա «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության 28 պաշտոնական անվանակարգերը և հավակնորդների ցանկը։
«Ոսկե Գլոբուսը» կհետաքրքրի հայ անիմատոներին և ոչ միայն
«Էլիո» մուլտֆիլմը, որը նկարահանել է Pixar կինոստուդիան՝ Walt Disney Pictures-ի հետ համատեղ, համարվում է տարվա ամենասպասված անիմացիոն նախագծերից մեկը։ Ֆիլմը առաջադրվել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ «Էլիո»–ի հեղինակներն են Էդրիան Մոլինան, ամերիկահայ Մադլեն Շարաֆյանը և Դոմի Շինը։
Սյուժեի կենտրոնում 11-ամյա Էլիոն է։ Ծնողների մահից հետո նա ապրում է իր խնամակալ մորաքրոջ՝ Օլգայի մոտ։ Էլիոն փորձում է գտնել իր տեղն աշխարհում, հետաքրքրված է գիտությամբ և ձգտում է կապ հաստատելու արտերկրային քաղաքակրթությունների հետ։ Նա պատահաբար հայտնվում է մի իրավիճակում, որ այլմոլորակայինները նրան ընկալում են որպես Երկրի դեսպան, և սկսվում են Էլիոյի գայթակղիչ արկածները: Փառատոնում ֆիլմը հինգ մրցակից ունի։
Հետաքրքրություն ներկայացնող ֆիլմեր
«Մարտ մարտի հետևից» ֆիլմը գլխավորում է «Լավագույն ֆիլմ (մյուզիքլ կամ կատակերգություն)» անվանակարգը, իսկ ֆիլմի բեմադրիչ Պոլ Թոմաս Անդերսոնն առաջադրվել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ «Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացվել է «Մարտ մարտից հետո» ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Լեոնարդո Դի Կապրիոն։ Ընդհանուր առմամբ, ֆիլմը առաջադրվել է ինն անվանակարգում՝ ներառյալ «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն սցենար» և «Լավագույն երաժշտություն» անվանակարգերը։
Հեռուստասերիալների շարքում առաջադրվել է White Lotus-ը, որը ներկայացվել է վեց անվանակարգում։
Այս տարվա նորույթը «Փոդքասթ» անվանակարգն է, ինչը վկայում է, որ «Ոսկե Գլոբուս»–ը պատրաստ է գնահատելու նաև մեդիայի նորագույն ձևաչափերը։