Պատիժ՝ առանց նախազգուշացման. Ալ-Նասրը չի կարող նոր ֆուտբոլիստներ գնել

ՖԻՖԱ-ն պաշտոնապես տեղեկացրել է սաուդյան «Ալ-Նասրին» նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելքի մասին։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և կազդի ձմեռային տրանսֆերային պատուհանի վրա, որը մեկնարկում է ընդամենը 11 օրից։ Ֆուտբոլային գերատեսչության նման կտրուկ քայլը պայմանավորված է այլ ակումբների նկատմամբ «Ալ-Նասրի» ունեցած չմարված պարտքերով, փոխանցում է armsport.am-ը:

Թեև ՖԻՖԱ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ հստակ չեն նշվում արգելքի կոնկրետ պատճառները, սպորտային պարբերականները մատնանշում են երկու անգլիական ակումբների հետ կապված ֆինանսական խնդիրները։

Ըստ առկա տեղեկությունների՝ «Մանչեսթեր Սիթին» դիմել է ՖԻՖԱ-ին՝ պահանջելով մարել պաշտպանի տեղափոխության դիմաց կուտակված պարտքը։ Խոսքը շուրջ 9 միլիոն եվրոյի մասին է, որի վճարման վերջնաժամկետը լրացել էր դեռևս այս տարվա օգոստոսի 31-ին։

Մեկ այլ վարկածով՝ խնդիրը կարող է կապված լինել դեռևս 2018 թվականին նիգերիացի հարձակվող Ահմեդ Մուսայի՝ «Լեսթերից» սաուդյան ակումբ տեղափոխության հետ, որի դիմաց վերջնական վճարումները նույնպես չեն կատարվել։

Տրանսֆերային արգելքը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ «Ալ-Նասրը» ամբողջությամբ չի վճարել պահանջվող գումարները։ Եթե ակումբը մտադիր է ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ապա ղեկավարությունը պետք է հարցը լուծի հնարավորինս սեղմ ժամկետներում։

Leave a Comment