Ֆերմերները դեմ են Եվրամիության և Հարավային Ամերիկայի երկրների առևտրային բլոկի միջև նախատեսվող համաձայնագրին. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ հազարավոր ֆերմերներ տրակտորներով փակել են ճանապարհները և բախվել ոստիկանության հետ, գրում է Ведомости-ն։
Այն տեղի է ունեցել Եվրամիության և Հարավային Ամերիկայի երկրների առևտրային բլոկի միջև նախատեսվող համաձայնագրի դեմ բողոքի ֆոնին։
Ինչպես նշում է Ведомости-ին՝ հղում անելով իր սկզբնաղբյուրներին, սադրիչները կոտրել են Եվրոպական խորհրդարանի շենքի պատուհանները։ Ֆերմերները փորձել են ճեղքել ոստիկանական արգելապատնեշները։
Ցուցարարները նաև քարեր և կարտոֆիլ են նետել ոստիկանների ուղղությամբ։
Որոշ ցուցարարների սադրիչ գործողություններին ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառել է մահակներ և արցունքաբեր գազ։
Բելգիայի մայրաքաղաքում հավաքվել են ԵՄ բոլոր 27 երկրների և ավելի քան 40 եվրոպական գյուղատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ֆերմերները դեմ են հարավամերիկյան Mercosur -ի (Բրազիլիա, Արգենտինա, Պարագվայ և Ուրուգվայ) հետ առաջիկայում նախատեսվող խոշոր ազատ առևտրի համաձայնագրին։
Նրանք մտավախություն ունեն, որ համաձայնագիրը կուժեղացնի մրցակցությունը և կհարվածի տեղական արտադրողներին։
Բրյուսելի ոստիկանության տվյալներով, ցուցարարների ընդհանուր թիվը կազմել է մոտ 7300:
Ակցիայի մասնակիցները անվադող և խոտ են այրել՝ պատրաստելով դագաղ, որի վրա գրված էր «Գյուղատնտեսություն»։
Ինչպես նշում է Ведомости-ն, հղում անելով ՏԱՍՍ-ին, ցուցարարները հանդես են եկել «Կանգնեցրեք Mercosur-ը», «Եթե ֆերմերը մահանում է, դու էլ կմեռնես», «Եվրոպան քաղաքացիների համար», «Համերաշխությունը և ԵՄ-ի ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությունը» գրությամբ պաստառներով։
Ֆերմերների միությունը հայտարարել էր, որ գյուղատնտեսական ոլորտին պետական աջակցությունը կկրճատվի ավելի քան 1 հինգերորդով: 25 տարի շարունակ կնքված առևտրային համաձայնագրի քննադատները պնդում են, որ էժան ապրանքները կարող են ողողել շուկան՝ ի վնաս տեղական արտադրողների:
Ինչպես նշում է Ведомости-ին՝ հղում անելով France24-ին, Գերմանիան, Իսպանիան և Սկանդինավյան երկրները վճռականորեն աջակցում են համաձայնագրին՝ ցանկանալով մեծացնել արտահանումը՝ Չինաստանի մրցակցության և ԱՄՆ-ի պրոտեկցիոնիստական քաղաքականության պայմաններում։
Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել էր, որ չի աջակցի համաձայնագրին առանց իր երկրի ֆերմերների համար հուսալի երաշխիքների: Իտալիան, Հունգարիան և Լեհաստանը նույնպես դեմ են արտահայտվել գործարքին:
