Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոան» պարտություն կրեց Կոնֆերենցիաների լիգայի 6-րդ տուրում, բայց նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։
Լիգայի փուլի վերջին տուրում երևանյան ակումբը Լեհաստանի Լյուբլին քաղաքում արտագնա հանդիպում անցկացրեց Ուկրաինայի չեմպիոն Կիևի «Դինամոյի» հետ ու պարտվեց 0։2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց ուկրաինացի վինգեր Վլադիսլավ Կաբաևը (տեսանյութ)։ 50-րդ րոպեին ուկրաինական ակումբի երկրորդ գոլը խփեց ուկրաինացի հարձակվող Մատվեյ Պոնոմարենկոն (տեսանյութ)։
«Նոան» 8 միավորով գրավեց 20-րդ տեղը և պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչից։ «Դինամոն» 6 միավորով 26-րդն է և ավարտեց ելույթը եվրագավաթներում։
Կոնֆերենցիաների լիգայում 1-8-րդ տեղ գրաված ակումբները դուրս են գալիս 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ տեղերի թիմերը՝ 1/16 եզրափակիչ։
«Նոան» առաջին հայկական ակումբն է, որը կխաղա եվրագավաթների փլեյ-օֆֆում։ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա հունվարի 16-ին։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի այս մրցաշրջանում «Նոան» հաղթել էր խորվաթական «Ռիեկային» (1։0) ու լեհական «Լեգիային» (1։0), ոչ-ոքի խաղացել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» (1։1) ու շոտլանդական «Աբերդինի» (1։1) հետ և պարտվել Չեխիայի գավաթակիր «Սիգմային» (1։2)։
Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության։