Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 2025 թ. ընթացքում պետբյուջեից ավելի քան  33 մլրդ դրամ է հատկացրել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել  2022, 2023, 2024, 2025 թվականների մի շարք սուբվենցիայի  ծրագրերը՝  12,045,690.6 հազար դրամի չափով: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 52 համայնքների 169 սուբվենցիոն ծրագիր: Ըստ նախարարի՝ այս համաֆինանսավորման արդյունքում կստացվի, որ 2025 թ. ընթացքում պետբյուջեից ընդհանուր առմամբ 33 մլրդ 635 մլն դրամի համաֆինանսավորում է արվել, որը տարեսկզբի բյուջետավորման համեմատությամբ ավելի քան 200 տոկոսով, իսկ ընդհանուր առմամբ նախորդ տարվա կատարողականից՝ ավելի քան 2 մլրդ դրամով ավելի է:

Նիկոլ Փաշինյանը  թվարկել է տարբեր համայնքներում  սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները՝  ջրագծի ցանցի հիմնանորոգում, մանկապարտեզի վերակառուցում, բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում, անցուղիների կառուցում, լուսավորության համակարգի կառուցում և այլն:

Վարչապետը, լայնածավալ ցանկը ներկայացնելուց հետո, նշել է, որ միայն այս տարի համայնքներում 150 միլիոն դոլարի ներդրում է արվել սուբվենցիոն ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով:

ՏԿԵ նախարարը տեղեկացրել է, որ 55 միլիարդ դրամ պետական բյուջեի միջոցներով հատկացվել է ճանապարհաշինարարությանը, որի պատվիրատուն եղել է ճանապարհային դեպարտամենտը, ևս 2 միլիարդ դրամ՝ պետական բյուջեից հրատապ ծրագրերի մասով և 2 միլիարդ դրամ՝ մասնակցային բյուջետավորման ծրագրի մասով։

«Այս տարի մոտավորապես ստացվում է՝ 300 միլիոն դոլարի չափով հատկացում է արվել մենակ այս թվարկված ծրագրերով, այսինքն՝ դպրոցները չենք ասում, մանկապարտեզները չենք ասում, առողջապահական կենտրոն, հուշարձանների նորոգումը չենք ասում: Սրանք  աներևակայելի թվեր են, որոնք ներդրվում են»,-ասել է Նիկոլ Փաշինյանը  և դրա համար մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող և  ՀԴՄ կտրոն տրամադրող և ՀԴՄ կտրոն պահանջել չմոռացող քաղաքացիներին:

Վարչապետը հետաքրքրվել է նաև բյուջեի հավաքագրումներից, ինչին ի պատասխան ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ այն բավականին լավ է ընթանում. «Երկնիշ աճերը, որոնց մասին պարբերաբար խոսում ենք այս նիստերին, պահպանվում են: Ընդհուպ՝ արդեն մոտեցել ենք ծրագրին:  ՀԴՄ-ներին մասով ևս պատկերը բավականին լավն է, ու եթե նայենք բոլոր կտրոնների քանակով, 18 տոկոսանոց աճ ունենք, հասույթով՝ 11 տոկոսանոց աճ: Բայց այստեղ ուրախալին այն է, որ անկանխիկի վարքագիծը առևտրում կտրուկ փոխվել է: Այս թվերի համեմատ կտրոնների քանակով անկանխիկի 52 տոկոսանոց աճ ունենք, իսկ հասույթների՝ 31 տոկոսանոց աճ: ՀԴՄ կտրոնների ու հասույթների մեծ մասն ապահովվում է անկանխիկ վճարումների միջոցով»:

Leave a Comment