18 դեկտեմբերի 2025 – 16:19 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատել է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հայտարարությունն այն մասին, թե պատրաստ է ընդունելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։
«Այո՛, պատրաստ եմ ընդունելու՝ մի օրակարգով, իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով։ Որ պահին պատրաստ լինի հանդիպել, ես պատրաստ եմ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նա նաև հերքել է իր կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահ նշանակելու մասին շրջանառվող տեսակետները, հայտնում է Արմենպրեսը։
Նա պատասխանել է այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ ինքը պատրաստվո՞ւմ է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նշանակել կաթողիկոսի տեղապահ։
«Պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել։ Դա պետք է եպիսկոպոսաց դասի որոշումը լինի։ Եթե ինձանից կարծիք հարցնեն այդ հարցի շուրջ, ես կարծիք կարտահայտեմ, եթե չհարցնեն, ապա չեմ արտահայտի»,-ասել է վարչապետը։
Փաշինյանի բնորոշմամբ՝ նրանք, ովքեր այդ հարցին նայում են այլ դիտանկյունից, պարզապես սխալ են հասկանում իրավիճակը։
«Իմ օրակարգը բացառապես հոգևոր և բովանդակային է, և անձերի հետ առնչվում է այնքանով, որքանով առնչվում է հոգևոր բովանդակության հետ։ Այս օրակարգում ես ինտրիգներ չեմ հետապնդում։ Եթե ինտրիգներ հետապնդելիս լինեի, ապա շատ վաղուցվանից շատ ձևեր և տարբերակներ կային, և ես կգնայի այդ տարբերակներով։ Ձեր հարցի ուղիղ պատասխանն է ո՛չ, ես հերքում եմ։ Ես ընդհանրապես հերքում եմ, որ ես ունեմ, մտածում եմ որևէ թեկնածուի մասին։ Ես հերքում եմ, որ ես նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ»,-նշել է Փաշինյանը։
Վարչապետը ասել է, որ եթե ինքն այդ հարցի և հավանական թեկնածուի վերաբերյալ այժմ կարծիք արտահայտի, ապա կստացվի, որ ինքը խախտում է եկեղեցու գործերին չմիջամտելու սկզբունքը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով դեկտեմբերի 18–ին միանալ իրենց Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով»։ Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարել են, որ համատեղ աղոթքը, որը կայանալու էր Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում, կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Դրան հաջորդել են քաղաքացիների, այդ թվում քաղաքական և հասարակական գործիչների կոչերը, 15։30–ից հավաքվել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու և կաթողիկոսի։