«Միասնություն` կյանքի համար». արյունատվության այս տարվա արշավն ամփոփվեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում:
Ավարձահատույց դոնորության խրախուսման տարեվերջյան ամփոփմանը ներկա է գտնվել նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մեկ դոնորը երեք հոգու կյանք է փրկում: Մեր նպատակն է մշակույթ փոխել, որ յուրաքանչյուրն ուղենիշ վերցնի` տարին առնվազն մեկ անգամ արյուն հանձնել, համալրել մեր երկրի արյան պաշարները: Ճիշտ է, արյունատվությունն այժմ ավելացել է, սակայն արյան կարիք միշտ կա:
Ուստի, պետք է այս ծառայությունն ընդգրկենք բուժհաստատությունների ընդհանուր ծառայությունների մեջ,-նշել է նախարարը:
2025 թվականի ընթացքում արյան ծառայության կողմից իրականացվել է 14 000 արյունատվություն, որից շուրջ 4 600-ը՝ ՀՀ մարզերում, «Յոլյան» կենտրոնի արյան ծառայության մարզային բաժանմունքներում։
Արյունատվության էստաֆետի շրջանակում մասնակցել է 19 բուժհաստատություն Երևանից և ՀՀ տարբեր մարզերից։
Կարևորելով մարդասիրական և կյանքեր փրկող այս նախաձեռնությունը, Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին և առաջարկեց 2026 թվականին էստաֆետը հանձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառույցներին:
«Մեզանից յուրաքանչյուրի արյունատվությունը կարևոր է։ Դարձե՛ք դոնոր, փրկե՛ք կյանքեր»,-կոչ է անում ՀՀ առողջապահության նախարարությունը: