Պետական տուրքի վերադարձի ընթացակարգը վերանայվում է․ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում 2026 թվականից

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-339-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է պետական տուրքի վերադարձի և հաշվանցման գործընթացների պարզեցմանը, ժամկետների հստակեցմանը և վարչարարության թվայնացմանը։

Ի՞նչ հիմնական փոփոխություններ են առաջարկվում

Տեղեկատվության փոխանցման պահանջի հանման կարգավորում

Օրենքի 36.1-րդ հոդվածի 8-րդ կետից հանվում է դրույթը, ըստ որի՝ գանձապետարանը պարտավոր էր մարված պետական տուրքի պարտավորությունների և վերահաշվարկի արդյունքում վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել առանձին լիազոր մարմիններին։ Այս փոփոխությունը նպատակ ունի կրճատել ավելորդ վարչարարությունը և պարզեցնել տեղեկատվական հոսքերը։

Պետական տուրքի վերադարձի վերանայված կարգ

Միասնական հաշվից վերադարձ և հաշվանցում

Նոր խմբագրությամբ սահմանվում է, որ պետական տուրքի միասնական հաշվում առկա գումարները՝

  • վերադարձվում են պետական տուրք վճարողին կամ
  • հաշվանցվում են պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին

հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։

Վերադարձի ժամկետները սահմանվում են՝

  • 20 օր՝ ընդհանուր դեպքերում,
  • 10 օր՝ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար։

Վերադարձը սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում նախատեսվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի օրական 0.03 տոկոսի չափով։

Միասնական հաշվին չհաշվառված գումարների վերադարձ

Պետական տուրքի այն գումարները, որոնք չեն հաշվառվում միասնական հաշվին, վերադարձվում են՝

  • պետական տուրքը գանձող մարմինների կողմից՝ գանձապետական համակարգի միջոցով,
  • համապատասխան բյուջեից՝ ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։

Բացառություն է սահմանվում օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքի վերադարձի մասով, որը կատարվում է Կառավարության սահմանած կարգով։

Վերադարձի դիմումի ժամկետներ և ընթացակարգ

  • Պետական տուրքի վերադարձի դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում՝ վերադարձի իրավունքի առաջացման օրվանից։
  • Դիմում ներկայացնելը կասեցնում է երեք տարվա ժամկետի ընթացքը։
  • Դիմումին պարտադիր կցվում են պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը։

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է Արտաքին գործերի նախարարության սահմանած փաստաթղթավորման կարգով։

Ի՞նչ նպատակ ունի փոփոխությունը

Փոփոխությունները նպատակ ունեն՝

  • պարզեցնել պետական տուրքի վերադարձի մեխանիզմները,
  • նվազեցնել վարչարարական բեռը,
  • ապահովել էլեկտրոնային գործընթացների առավել արդյունավետ կիրառում,
  • հստակեցնել վերադարձի ժամկետներն ու պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունումը կարող է առաջացնել պետական բյուջեի ծախսերի աճ՝ գանձապետարանի տեղեկատվական համակարգում անհրաժեշտ ծրագրային փոփոխությունների իրականացման հետ կապված։

Ակնկալվող ազդեցությունը

Պետական տուրքի վերադարձման գործընթացի պարզեցում վճարողները կդիմեն միայն մեկ մարմնի և կկարողանան ավելի կարճ ժամկետում ստանալ վերադարձվող գումարը, միաժամանակ բացառելով պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված լրացուցիչ փաստաթղթաշրջանառությունը։

Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետները

Օրենքը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է այդ օրվանից հետո ծագող հարաբերությունների նկատմամբ՝ որոշ բացառություններով, այդ թվում՝

  • կազմակերպության լուծարման դեպքում պետական տուրքի պարտավորության դադարեցման դրույթի հետադարձ կիրառմամբ,
  • պետական տուրքի վերադարձի առանձին դրույթների՝ ուժի մեջ մտնելով համապատասխան ծրագրային ապահովման ներդրումից հետո։

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net։

Leave a Comment