Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-339-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է պետական տուրքի վերադարձի և հաշվանցման գործընթացների պարզեցմանը, ժամկետների հստակեցմանը և վարչարարության թվայնացմանը։
Ի՞նչ հիմնական փոփոխություններ են առաջարկվում
Տեղեկատվության փոխանցման պահանջի հանման կարգավորում
Օրենքի 36.1-րդ հոդվածի 8-րդ կետից հանվում է դրույթը, ըստ որի՝ գանձապետարանը պարտավոր էր մարված պետական տուրքի պարտավորությունների և վերահաշվարկի արդյունքում վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել առանձին լիազոր մարմիններին։ Այս փոփոխությունը նպատակ ունի կրճատել ավելորդ վարչարարությունը և պարզեցնել տեղեկատվական հոսքերը։
Պետական տուրքի վերադարձի վերանայված կարգ
Միասնական հաշվից վերադարձ և հաշվանցում
Նոր խմբագրությամբ սահմանվում է, որ պետական տուրքի միասնական հաշվում առկա գումարները՝
- վերադարձվում են պետական տուրք վճարողին կամ
- հաշվանցվում են պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին
հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։
Վերադարձի ժամկետները սահմանվում են՝
- 20 օր՝ ընդհանուր դեպքերում,
- 10 օր՝ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար։
Վերադարձը սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում նախատեսվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի օրական 0.03 տոկոսի չափով։
Միասնական հաշվին չհաշվառված գումարների վերադարձ
Պետական տուրքի այն գումարները, որոնք չեն հաշվառվում միասնական հաշվին, վերադարձվում են՝
- պետական տուրքը գանձող մարմինների կողմից՝ գանձապետական համակարգի միջոցով,
- համապատասխան բյուջեից՝ ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։
Բացառություն է սահմանվում օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքի վերադարձի մասով, որը կատարվում է Կառավարության սահմանած կարգով։
Վերադարձի դիմումի ժամկետներ և ընթացակարգ
- Պետական տուրքի վերադարձի դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում՝ վերադարձի իրավունքի առաջացման օրվանից։
- Դիմում ներկայացնելը կասեցնում է երեք տարվա ժամկետի ընթացքը։
- Դիմումին պարտադիր կցվում են պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը։
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է Արտաքին գործերի նախարարության սահմանած փաստաթղթավորման կարգով։
Ի՞նչ նպատակ ունի փոփոխությունը
Փոփոխությունները նպատակ ունեն՝
- պարզեցնել պետական տուրքի վերադարձի մեխանիզմները,
- նվազեցնել վարչարարական բեռը,
- ապահովել էլեկտրոնային գործընթացների առավել արդյունավետ կիրառում,
- հստակեցնել վերադարձի ժամկետներն ու պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունումը կարող է առաջացնել պետական բյուջեի ծախսերի աճ՝ գանձապետարանի տեղեկատվական համակարգում անհրաժեշտ ծրագրային փոփոխությունների իրականացման հետ կապված։
Ակնկալվող ազդեցությունը
Պետական տուրքի վերադարձման գործընթացի պարզեցում․ վճարողները կդիմեն միայն մեկ մարմնի և կկարողանան ավելի կարճ ժամկետում ստանալ վերադարձվող գումարը, միաժամանակ բացառելով պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված լրացուցիչ փաստաթղթաշրջանառությունը։
Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետները
Օրենքը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է այդ օրվանից հետո ծագող հարաբերությունների նկատմամբ՝ որոշ բացառություններով, այդ թվում՝
- կազմակերպության լուծարման դեպքում պետական տուրքի պարտավորության դադարեցման դրույթի հետադարձ կիրառմամբ,
- պետական տուրքի վերադարձի առանձին դրույթների՝ ուժի մեջ մտնելով համապատասխան ծրագրային ապահովման ներդրումից հետո։