Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություններ

««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի օրինականացնելու պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա առկա ինքնակամ շինությունները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծում առաջարկություններ չեն ներկայացվել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երկարաձգել էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման ժամկետը մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը: Հստակեցումներ են կատարվել կատարողական ծախսերի հատուցման եւ կատարողական վճարների գանձման կանոնների կիրառման մասով:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել են խմբագրական բնույթի առաջարկներ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ներկայացմամբ ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից դարձնել քաղաքացիական ծառայություն: Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություններ:

Leave a Comment