Շուրջ վեց ամիս կալանավորված «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի գործով Քննչական մարմնի միակ «աննախադեպ» գործողությունը լեզվաբան-փորձագետի տան խուզարկությունն էր, հայտարարել է Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ լեզվաբանի դիրքորոշմամբ արձանագրվել էր, որ Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքում կոչ չկա:
Վարդևանյանը նաև հայտնել է, որ Քննչական մարմնին ներկայացվել են նախաքննության ձգձգումը կանխող, ակտիվ գործողություններ կատարելու պահանջով միջնորդություններ, որոնք մերժվել են:
Փաստաբանը հիշեցրել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 11-ին Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով պաշտպանական թիմի բողոքում արձանագրված պահանջներից մեկը, հստակ նշել է, որ Կարապետյանի քրեական վարույթի ձգձգումը՝ խնդրահարույց է և հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման:
Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 11-ին մերժել էր Կարապետյանի կալանքը երկարացնելու դեմ բողոքը, ինչը փաստաբանները գործարարի նկատմամբ «քաղաքական հետապնդման շարունակություն» են համարում։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
Կարդացեք նաև՝
