Անգլիայի և Իսպանիայի հավաքականների ֆուտբոլիստուհիները՝ ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում

Հրապարակվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի կանանց տարվա խորհրդանշական հավաքականը, որն ամբողջությամբ կազմված է Իսպանիայի (7) և Անգլիայի (4) ներկայացուցիչներից։ Այս երկու երկրների ֆուտբոլիստուհիներն իրենց լավագույն կողմերով են դրսևորել թե՛ ակումբային, թե՛ միջազգային մակարդակներում։

Հենց այս հավաքականներն էին վերջերս մրցում ՈւԵՖԱ-ի կանանց Եվրո-2025-ի եզրափակչում (կրկնելով երկու տարի առաջ կայացած Աշխարհի առաջնության եզրափակչի դիմակայությունը): Եթե համաշխարհային հարթակում հաջողությունն իսպանացիների կողմն էր, ապա եվրոպական ստուգատեսում հաղթեցին անգլիացիները՝ դրամատիկ հետխաղյա 11-մետրանոցներով։ Ակումբային ֆուտբոլում ևս պայքարը թեժ էր․ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» առավելության հասավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ։

ՖԻՖԱ-ի 2025 թ․ կանանց խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ՝ Հաննա Հեմփթոն (Անգլիա)

Պաշտպաններ՝ Լյուսի Բրոնզ (Անգլիա), Լիա Ուիլյամսոն (Անգլիա), Իրեն Պարեդես (Իսպանիա), Օնա Բատլե (Իսպանիա)

Կիսապաշտպաններ՝ Այտանա Բոնմատի (Իսպանիա), Պատրիսիա Գիխարո (Իսպանիա), Կլաուդիա Պինա (Իսպանիա)

Հարձակվողներ՝ Ալեքսիա Պուտելյաս (Իսպանիա), Ալեսիա Ռուսո (Անգլիա), Մարիոնա Կալդենտեյ (Իսպանիա)

Ընտրությունը կատարվել է 2024 թ․ օգոստոսի 11-ից մինչև 2025 թ․ օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածի ելույթների հիման վրա։ Թեկնածուների ցուցակը կազմել է ՖԻՖԱ-ն՝ ֆուտբոլային շահագրգիռ կողմերի հետ համատեղ։ Հաղթողները որոշվել են ֆուտբոլային փորձագետների և FIFA.com-ում գրանցված երկրպագուների քվեարկությամբ (յուրաքանչյուր խմբի ձայները ունեցել են հավասար կշիռ):

Ընտրության կարգը նախատեսում էր 1 դարպասապահի, 3 պաշտպանի, 3 կիսապաշտպանի և 2 հարձակվողի պարտադիր ընդգրկում, իսկ մնացած տեղերը բաշխվել են ամենաշատ ձայներ հավաքած դաշտային խաղացողների միջև։ Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված մարզուհին ավտոմատ կերպով ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում։

Leave a Comment