Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եթե Կիևը առաջնորդվում է երկարաժամկետ բանակցությունները կարճաժամկետ լուծումներով փոխարինելու ցանկությամբ, Մոսկվան, հավանաբար, պատրաստ չի լինի դա անել։
Նա պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանը կհամաձայնվի Կիևի և եվրոպական երկրների կողմից առաջարկված Սուրբ Ծննդյան զինադադարին։
«Այս պահին հարցն այն է, թե արդյոք մենք, ինչպես նախագահ Թրամփն է ասում, համաձայնության կհասնենք, թե ոչ։ Մեր դիրքորոշումը հայտնի է, հետևողական, թափանցիկ և հասկանալի է ամերիկացիների համար։ Եվ, ընդհանուր առմամբ, այն հասկանում են նաև ուկրաինացիները։ Եթե կարճաժամկետ, անկենսունակ լուծումներով համաձայնագիրը փոխարինելու ցանկությունը գերիշխող դառնա ուկրաինացիների շրջանում, մենք, հավանաբար, պատրաստ չենք լինի դրան։ Հետևաբար, մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք չենք ուզում զինադադար, որը, այսպես ասած, Ուկրաինային նոր շունչ կտա և պատերազմի շարունակությանը կպատրաստի», – ասել է նա։