Մենք հիմա ամենաինտենսիվ բանակցությունների փուլում ենք

Հարվածներ Զապորոժիեին և Օդեսային

Զապորոժիեում ռուսական անօդաչուն հարվածել է բարձրահարկ բնակելի շենքին, կա առնվազն երեք վիրավոր: Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների, շտապօգնության և հրշեջ ծառայությունները: Ռուսները հարվածել են նաև Օդեսայի նավահանգստի տարածքում գտնվող խոշոր պահեստին, որտեղ հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան:

«Վարշավյանկան»՝ թիրախ

Ուկրաինացիներն, իրենց հերթին, անդրջրյա դրոնով հարվածել են ռուսական մարտական սուզանավին, որը, դատելով տպավորիչ տեսագրությունից, եթե ոչ ոչնչացվել, ապա առնվազն լուրջ վնաս է կրել:

Ըստ ուկրաինացիների, թիրախը Նովոռոսիյսկի նավահանգստում «Վարշավյանկա» տեսակի սուզանավ էր: Այն կրում է «Կալիբր» հրթիռներ, որոնցով ռուսները պարբերաբար հարվածում են Ուկրաինայի տարածքին:

Այս գործողությունները վկայում են, որ պատերազմի մոտալուտ ավարտի մասին հույսերը փոքր-ինչ չափազանցված են: Այդուհանդերձ բանակցային գործընթացը շարունակվում է:

«Մոտ ենք խաղաղությանն առավել քան երբևէ»

Նախօրեին Բեռլինում տեղի են ունեցել բանակցություններ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն Է տրամադրված: Նա ասել Է, թե երկար զրույց Է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու, ինչպես նաև Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների ղեկավարների հետ:

«27 հազար զինվոր է զոհվել անցած ամսվա ընթացքում, նման բան ընդհանրապես չպետք է լիներ, բայց հիմա, կարծում եմ, մենք մոտ ենք խաղաղությանն առավել քան երբևէ»,- ասել է Թրամփը:

Թրամփի փոխանցմամբ, եվրոպացիները սատարում են խաղաղության ծրագրին: Ռուսները և ուկրաինացիները, բոլորը խաղաղություն են ուզում, բայց հանկարծակի կողմերից մեկը վերջին պահին հրաժարվում է պայմանավորվածությունից, սակայն այս անգամ բանագնացները լավ են աշխատել:

Սուրբծննդյան հրադադար չի լինի

Մինչդեռ, Կրեմլը նկատել Է տալիս, որ չի ընդունում այսպես կոչված սուրբծննդյան հրադադարի գաղափարը: Այն վաղուց Է շրջանառվում: Դեկտեմբերի 24-ին կաթոլիկ և բողոքական աշխարհը տոնում Է Փրկչի Սուրբ ծնունդը, ուղղափառներն այն հունվարի 7-ին են տոնում:

Միջնորդներն առաջարկում են տոների շրջանում մարդասիրական հրադադար հայտարարել: Ռուսները պնդում են, թե ուկրաինացիներն այդ օրերը կօգտագործեն վերադիրքավորվելու և նոր մարտերի պատրաստվելու համար:

«Մենք ուզում ենք վերջ տալ այս պատերազմին, հասնել մեր նպատակներին, ապահովել մեր շահերը և երաշխավորել խաղաղությունը Եվրոպայում ապագայի համար։ Ահա թե ինչ ենք մենք ուզում»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պաշտպանել Եվրոպայում կյանքի բուն էությունը

Դե իսկ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Նիդերլանդներ, որտեղ ուղերձով դիմել է խորհրդարանի պատգամավորներին: Նա ասել Է, թե Ուկրաինան գործընկերների հետ լարված ու կենտրոնացած բանակցություններ Է վարում չորս տարի տևող այս պատերազմն ավարտելու համար: ուղղությամբ:

«Մենք գտնվում ենք այս պատերազմի սկզբից ի վեր ամենաինտենսիվ և կենտրոնացված
խաղաղության բանակցությունների փուլում: Մենք չենք խոսում ժամանակավոր անորոշ լուծման մասին։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ՝ վերջապես ավարտելու ռուսների պատերազմն Ուկրաինայի դեմ և Ուկրաինայի միջոցով պաշտպանել Եվրոպայում կյանքի բուն էությունը»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին և մոտ 30 երկրների ներկայացուցիչներ այսօր Հաագայում պաշտոնապես հաստատել են հատուկ միջազգային կառույցի ստեղծումը: Այն զբաղվելու է ռուսական ագրեսիայի հետևանքով Ուկրաինայի կրած կորուստները փոխհատուցելու գործընթացով:

Leave a Comment