«Ձեր նշած հայտարարությանը զուգահեռ եղել է հրապարակում, թե ինչ է ասել մեր դեսպանը։ Նա կրկնել է՝ TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքներով, և ոչ, TRIPP-ը Զանգեզուրի միջանցք չէ»,- լրագրողների փաստմանը՝ Իրանից հայտարարություններ են հնչում, որ TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն է», լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա վստահեցրեց՝ մշտապես կապի մեջ են Իրանի գործընկերների հետ․ «Իրենց շահերն ու զգայունությունները հաշվի առնված են, Իրանի ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ այս նախագիծն իրենց կարմիր գծերը հաշվի առնում և հնարավորություն ստեղծում է»։
Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ հիմնվում են Իրանի ԱԳՆ հայտարարության վրա․ «Բացառվում է՝ ՀՀ-ում լինի նախագիծ, որը կհակասի ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, և չի լինի ՀՀ իրավազորության ներքո։ Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը, Իրանի դեպքում այդ շահերը ՀՀ-ի հետ համընկնում են։ Չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան։ Կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, ուրախացնում է մեզ այն փաստը, որ Իրանի ԱԳՆ-ն նշում է, որ այս հարցում միջանցքի խնդիր չկա։ Դա ոչ միայն Իրանի, այլև ՀՀ-ի կարմիր գիծն է, որ ՀՀ տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու»։
Լրագրողների դիտարկմանը՝ ՌԴ-ից հայտարարություններ կան, որ Մոսկվան պատրաստ է պաշտոնական Երևանի հետ քննարկել TRIPP-ի նախագծի մասնակցությունը, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա և հարցին՝ ռուսական մասնակցության մասով քննարկումներ կա՞ն, թե՝ ոչ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Նման քննարկումներ չկան»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: