Ռուսաստանը հայտնում է, որ պատրաստ է քննարկել Հայաստանի և ԱՄՆ-ի առաջարկած «Թրամփի ճանապարհ» հայտնի տրանսպորտային նախաձեռնությունը և չի բացառում իր մասնակցությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կալուգինի խոսքով՝ Մոսկվան պատրաստ կլինի սկսել բանակցությունները Երևանի հետ այն ժամանակ, երբ մանրամասն ուսումնասիրի հայ-ամերիկյան նախագծի պարամետրերը։
«Նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրել։ Պատրաստ ենք խորհրդակցել հայ գործընկերների հետ՝ նախաձեռնության պայմանները և Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությունը քննարկելու համար»,- նշել է նա։
Կալուգինը հիշեցրել է նաև, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, և նման նախագծերում Ռուսաստանի մասնակցությունը անշրջանցելի է։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը արդեն ունի առանցքային դեր ենթադրվող երթուղու ենթակառուցվածքում, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղին»՝ «ՌԺԴ»-ի դուստր ընկերությունը, կոնցեսիայի հիմանքով ղեկավարում է Հայաստանի երկաթուղային ցանցը։
Բացի այդ, Կալուգինը նշել է, որ առաջարկվող միջանցքի զգալի հատվածը գտնվում է ռուս սահմանապահների պատասխանատվության գոտում, ինչը Մոսկվային դարձնում է ապագա ճանապարհի տեխնիկական և ռեժիմային պայմանների քննարկման կարևոր մասնակից։