Ըստ Վելայաթիի՝ «Թրամփի ուղին» նույնական է «Զանգեզուրի միջանցքին» և Թեհրանը վճռականորեն դեմ է դրան

Ըստ Վելայաթիի՝ «Թրամփի ուղին» նույնական է «Զանգեզուրի միջանցքին» և Թեհրանը վճռականորեն դեմ է դրան

16 դեկտեմբերի 2025 – 11:16 AMT

PanARMENIAN.Net – Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ քննարկել է «Թրամփի ուղին»։ Վելայաթին հայտարարել է, որ «Թրամփի ուղին» փաստացի նույնական է «Զանգեզուրի միջանցքի» նախագծին՝ հավելելով, որ Թեհրանը վճռականորեն դեմ է դրան, հայտնում է Sputnik Արմենիան IRNA գործակալության վրա հղումով։

«Իրանն ի սկզբանե դեմ է հանդես եկել միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն և վախենում է իր անվտանգությանը սպառնացող վտանգներից»,– հայտնել է պարբերականը:

Նրա խոսքով՝ այս սցենարը կարող է հանգեցնել ՆԱՏՕ–ի հայտնվելուն Իրանից դեպի հյուսիս՝ լուրջ ռիսկեր ստեղծելով Հյուսիսային Իրանի և Հարավային Ռուսաստանի անվտանգության համար:

Վելայաթին նշել է նաև, որ ԱՄՆ–ն իր նախագծերի միջոցով գերզգայուն տարածաշրջաններ ներթափանցելու պատմություն ունի։ Այդ նախագծերը ներկայացվում են` որպես տնտեսական նախաձեռնություններ, սակայն նման ներգրավվածությունն աստիճանաբար ընդլայնվում է մինչև ռազմական և անվտանգային բնագավառներ:

Իրանում ՀՀ դեսպանությունըբավարարվել է միայն պաշտոնական հաղորդագրությամբ։ Դեսպանությունից հայտնել են, որ դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ «Թրամփի ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակցվածության ու տնտեսական զարգացման համար։

«ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ պաշտոնական Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու` Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայուն հարցերը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են այդ հարաբերությունների պատմական ու ռազմավարական բնույթը և փոխադարձ կամքը՝ դրանք առավել խորացնելու ուղղությամբ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ալի Աքբար Վելայաթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը:

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։

Leave a Comment