Առաջիկայում Ադրբեջանից նավթամթերք կհասնի Հայաստան․ մանրամասներ՝ էկոնոմիկայի նախարարից

Առաջիկայում Ադրբեջանի տարածքով նավթամթերքի նոր խմբաքանակ կմտնի Հայաստան։ Այս լուրը խորհրդարանում հաստատել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Բայց մանրամասներ նախարարը չի հայտնել։ Մի բան հստակ է, որ այս անգամ նավթամթերքն ուղարկում է հենց ադրբեջանական կողմը։ Գևորգ Պապոյանը նաև չի ասել, թե որ ընկերությունն է ներկրողը՝ շեշտելով, որ դա առևտրային գաղտնիք է։ Հայաստանի համար նախատեսված բեռները Ադրբեջանի սահմանափակումները հանելուց հետո առաջին անգամ երկիր հասան նոյեմբերի 6–ին և 8–ին։ Երկու դեպքում էլ՝ հացահատիկ, առաջին խմբաքանակը՝ Ռուսաստանից, երկրորդը՝ Ղազախստանից։

Ո՞ր ընկերությունն է Ադրբեջանից Հայաստան նավթամթերք ներկրում՝ էկոնոմիկայի նախարարը փակագծեր չի բացում։ Բայց այդ տեղեկությունը նա հաստատում է։ Գևորգ Պապոյանն ընդգծում է՝ երբ նավթամթերքի խմբաքանակը Հայաստան հասնի, կներկայացնի մանրամասները։

«Այս պահին ուրիշ բան չկա։ Առևտրային գաղտնիք է, չեմ կարող ասել, թե որ ընկերությունն է ներկրում։ Իրենց հարցրեք, թող իրենք հաստատեն։ Երբ  կգա, կգնամ, կդիմավորեմ»։

Ադրբեջանական նավթամթերքի ներկրման մասին հայտնի դարձավ մոտ տասը օր առաջ, երբ հաղորդագրություն տարածեց Վրաստանի կառավարությունը։ Մեջբերում․

 «Այս տարվա  դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ «Վրացական երկաթուղի»-ին հանձնարարվել է անհապաղ և ամբողջությամբ անվճար իրականացնել բեռի միանվագ երկաթուղային փոխադրումը»:

Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթամթերք ներկրելու հարցը՝ Դոհայում ընթացող միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել էր նաև, որ այդ հարցը քննարկվել է երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի մակարդակով՝ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ։ Հայաստանում վառելիքի գինն օրինաչափորեն ավելի բարձր է, քան հարևան երկրներում․ տեղափոխման ծախսերն ու շուկայի կենտրոնացվածությունն են այս պատկերը ստեղծել։ Հայաստանում մեկ լիտր բենզինն արժե 1,36 դոլար, դիզելային վառելիքը՝ 1,30 դոլար։ Ադրբեջանում բենզինը մոտ 2,5 անգամ էժան է, դիզվառելիքը` ևս։

Ցորենի նոր խմբաքանակ էլ կա, ճանապարհին է, բայց կրկին փակագծեր չի բացում Գևորգ Պապոյանը․

 «Կգա՝ ես տոննաներով կհրապարակեմ»։

Ղազախական ցորենն էլ Հայաստան հասավ Ադրբեջանով։ Էկոնոմիկայի նախարարը հիշեցնում է Լարսի անցակետի  պարբերաբար փակվելու վտանգի մասին։ Նա համոզված է, որ այժմ իրավիճակն ավելի վերահսկելի կլինի․

 «Նախորդ տարի՝ այս ժամանակ, ցորենը բեռնափոխադրումով 190–200 դոլարով էինք ստացել։ Այսօր գինը 225 դոլար է։ Գինը բարձրացել է։ Հիմա սա կարող է նպաստել, որ ավելի արագ ստանանք, ավելի անխափան ստանանք ապրանքը։ 10 կամ 20 դոլար, օրինակ, ավելի էժան ստանանք, այո՛, բայց ես ուզում եմ ասել՝ այլ գործոններ ավելի շատ են ազդում։ Մենք այստեղ այս եղանակով 20 դոլար գին իջեցնենք, բայց տեսեք, մեկ այլ տարբերակում մինչև 85 դոլար գինը բարձրացել է, որովհետև անցած տարի բերքը շատ է եղել։ Գները ավելի ցածր են, այս տարի բերքը ավելի քիչ է և գները, բնականաբար, բարձրանում են։ Այսինքն, ուզում եմ ասել, կարո՞ղ ենք ակնկալել տեսականորեն, որ ավելի արագ կլինի, այո՛, որովհետև, ավելի արագ է, հերթերը պակասում են, կարո՞ղ ենք ակնկալել, որ ավելի էժան կլինի, այո՛, ավելի էժան կլինի»։

Այս դեպքում, եթե ավելի ցածր գնով ցորեն ներկրվի Հայաստան, կնվազի՞ արդյոք հացի գինը, թե ոչ՝ նախարարը չի կարող ասել։ Գործոնները շատ են ու տարբեր՝ բացատրում է։ Գուցե սպառողը չզգա հացի գնի նվազումը, բայց պարենային անվտանգության այլ հարցեր կլուծվեն․

 «Երբ Լարսը փակվում է ձնաբքի կամ հեղեղների պատճառով, մենք մեր պահուստային ցորենն ենք օգտագործում։ Այս դեպքում այլընտրանք կա՝ մենք պահուստայինը չեն օգտագործի»։

Պապոյանը տեղեկացնում է՝ երկաթուղով կոնյակ արտահանելու հարցն էլ են քննարկել, բայց տնտեսվարողներն արդյունավետ են համարում ավտոմոբիլային տեղափոխումը։

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը հիշեցնում է, որ տարածաշրջանի ճանապարհային ենթակառուցվածքներն այս պահին այնպիսին են, որ Ադրբեջանով եկող բեռները Հայաստան կարող են մտնել միայն Վրաստանի տարածքով։

 «Ընդհանուր առմամբ, իհարկե, կա այն կարծիքը, որ Վրաստանը խանդով է վերաբերվում հայ–ադրբեջանական կոմունիկացիոն հեռանկարներին, որովհետև այդ պարագայում որոշակի կորուստներ կունենա տարանցման՝ իր նշանակության իմաստով, բայց գոնե առայժմ ես չեմ տեսնում, որ հայ–ադրբեջանական անմիջական կոմունիկացիաների մասով այնպիսի իրավիճակ է, որը Վրաստանի համար կարող է առաջացնել իսկապես գործնական անհանգստություն` իր տարանցիկ ծավալների նվազման իմաստով։ Հետևաբար, ես հակված եմ մտածելու, որ այստեղ դրա դերը Վրաստանի դիրքորոշումների և այլնի հարցում մի քիչ կարծես թե չափազանցվում է»։

Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման բանակցություններին զուգահեռ, չի օգտվում Հայաստանի ճանապարհներից։ Գևորգ Պապոյանը կարծում է, որ ինչ–որ մի պահի դա էլ կլինի։ Նախարարը ենթադրում է, որ ադրբեջանական կողմը սպասում է խնդրի ամբողջական կարգավորմանը։

Leave a Comment