Աշխարհի մեծ բեմերից` Երևան. Արա Մալիքյանը վերադառնում է

Լիբանանահայ աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիքյանը փետրվարի 15-ին համերգով հանդես կգա Երևանում՝ իր «Intruso» համաշխարհային շրջագայության շրջանակում։

Ելույթը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Մալիքյանը հայտնի է իր կրակոտ ելույթներով, դասական ու ժամանակակից երաժշտության համադրությամբ։

Երաժշտի հետ բեմում կլինեն նրա մշտական գործընկերները՝ դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասիստ Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը և կիթառահար Դայան Աբադը։

Նույն անսամբլը հանդես է եկել Երևանում նաև 2023 և 2024 թվականներին։ Երևանյան համերգի ընթացքում հանդիսատեսին կներկայացվի «Intruso» ալբոմը, որը կրում է ինքնակենսագրական և սոցիալական բնույթ՝ անդրադառնալով ինքնության, տեղահանության և պատկանելության թեմաներին։

Լիբանանում ծնված Արա Մալիքյանը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Իսպանիայում։ Նրա տաղանդը դրսևորվել է վաղ տարիքում՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ծանր պայմանների ֆոնին։

12 տարեկանում նա տվել է իր առաջին խոշոր համերգը, իսկ երկու տարի անց Գերմանիայի կառավարության կրթաթոշակով ուսանել է Հանովերի երաժշտության և դրամայի համալսարանում, այնուհետև՝ Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում։

Համերգը կլինի նշանակալի իրադարձություն երևանյան մշակութային կյանքում։

Leave a Comment