Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում նախորդ շաբաթ հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀԿ, «Ազատություն», «Հայրենիք» կուսակցությունների ղեկավարների, նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և փաստաբանների հետ. հայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Քննարկվել են մի շարք օրակարգային խնդիրների շուրջ համագործակցություն ձևավորելու վերաբերյալ հարցեր, պատգամավորի խոսքով՝ անկյունաքարային հարցերի վերաբերյալ ընդդիմադիր ուժերի միջև կա փոխըմբռնում:
«Հիշեցնեմ, որ ԱԺ-ում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքական ուժերին առաջարկել էինք սկսել քննարկումներ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.
1. օրինական բոլոր միջոցներով հակազդեցության ձևավորում բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների և ազատությունների սահմանափակումների նկատմամբ,
2. Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն,
3. քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն՝ որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով,
4. ընտրական գործընթացի օրինականության ապահովում եւ վերահսկողության իրականացում,
5. միմյանց նկատմամբ հակաքարոզչության բացառում,
6. վարչախմբի հետ ցանկացած (այդ թվում հետընտրական փուլում) համագործակցության բացառում»,-գրել է Սաղաթելյանը Facebook-ի իր էջում: