UFC-ի մարտիկ Դեն Հուկերը մեկնաբանել է Արման Ծառուկյանի և Իլիա Թոփուրիայի միջև հնարավոր մենամարտի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նորզելանդացի մարզիկը վստահ է՝ կա հստակ պատճառ, թե ինչու է «Մատադորը» խուսափում հայ մարտիկի հետ հանդիպումից։
Main Event TV-ի եթերում Հուկերը շեշտել է, որ Ծառուկյանը լուրջ սպառնալիք է դարձել դիվիզիոնի մյուս մարզիկների համար․
«Արմանը մեծ խնդիր է, և հիմա դիվիզիոնում բոլորը խուսափում են նրա հետ մենամարտելուց։ Իլիան դադար է վերցրել, իսկ մյուս երկուսը պարզապես չեն ցանկանում մենամարտել նրա հետ»,- հայտարարել է Հուկերը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը վերջին մենամարտում՝ UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակում, հաղթանակ էր տարել հենց Դեն Հուկերի նկատմամբ։ Պրոֆեսիոնալ օկտագոնում հայ մարտիկն իր ակտիվում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։
Իսպանա-վրացի մարտիկ Իլիա Թոփուրիան, իր հերթին, թեթև քաշային կարգի գործող չեմպիոնն է՝ 17-0 անթերի ցուցանիշով։ Ավելի վաղ նա հայտարարել էր կարիերայում դադար վերցնելու մասին՝ պայմանավորված ընտանեկան հանգամանքներով։