Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հրապարակված և Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելը և ծրագրի շրջանակում տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին աջակցության տրամադրումը։
Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունումը
2026 թվականի գյուղատնտեսական տարում Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումն ապահովելու և տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին ապահովագրության ոլորտում աջակցություն տրամադրելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի մոտ 2025 թվականի հունիսի 5-ին կայացած բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումների, հակակարկտային կայանքների՝ որպես մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության միջոցի արդյունավետության մասին խորհրդակցության N Վ/84-2025 արձանագրության 3-րդ կետի (հակակարկտային պայքարի արդյունավետության համատեքստում քննարկել կարկտապաշտպան ցանցերի տարածման (ուսումնասիրելով նաև միջազգային փորձը) և գյուղատնտեսության պատշաճ ապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ) հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Երբ է մեկնարկել ծրագիրը
2020 թվականից և մինչև 2023 թվականը ծրագրային ցուցանիշները տարեցտարի աճել են։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Կխթանի ծրագրի շրջանակում ապահովագրական ընկերությունների մասնակցությունը և կնպաստի 2026 թվականի գյուղատնտեսական տարում փորձնական ծրագրի իրականացմանը։
Որքա՞ն է կազմել ապահովագրավճարը
2023 թվականին ապահովագրվել է 13 մշակաբույս 4 ռիսկերից՝ 11662 հա: 2023 թվականին ապահովագրավճարը կազմել է 1.8 մլրդ դրամ, տրամադրվել է 2.7 մլրդ դրամի փոխհատուցում:
Սուբսիդավորում
2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախկին 50-60%-ի փոխարեն իրականացվել է ապահովագրավճարի 70-80%-ի սուբսիդավորում։
Ո՞ր մշակաբույսերն են ապահովվագրվում
Որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել ապահովագրվող մշակաբույսերի կազմում, եթե նախորդ տարի ծիրանը և խաղողը չէին ապահովագրվում, ապա 2025 թվականին ապահովագրվել են։ Եղել են մշակաբույսեր, որոնց համար բոլոր ռիսկերը հասանելի չէին՝ մասնավորապես, հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, գարի, վարսակ) համար հասանելի է եղել միայն երաշտ ռիսկից ապահովագրությունը:
Քանի՞ մշակաբույս է ապահովագրվել 2025 թվականին
13 մշակաբույս (խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ) 4 ռիսկերից (գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ):
Որքա՞ն է կազմել համախառն ապահովագրավճարը 2025 թվականին
Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալության կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ շուրջ 1․9 մլն դրամ, սուբսիդավորվող ապահովագրավճարը՝ շուրջ 1․3 մլն դրամ, կնքվել է 32 ապահովագրական պայմանագիր։
Որքա՞ն է կազմել ապահովագրված տարածքների ընդհանուր մակերեսը 2025 թվականին
Շուրջ 20 հա, որից 5․7 հա խաղող, 1 հա դեղձ՝ կարկուտ և հրդեհ ռիսկից, 5․4 հա խնձոր, 0․1 հա սալոր, 2 հա կարտոֆիլ, 1․5 հա ձմերուկ և սեխ, 1․5 հա բալ և կեռաս՝ կարկուտ ռիսկից, 3 հա հացահատիկ՝ երաշտ ռիսկից։ Ապահովագրական դեպքերի հետևանքով ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվել է 788 840 դրամի չափով ապահովագրական հատուցում: Վնասաբերությունը կազմել է 42%:
Ըստ Համաշխարհային բանկի
Ներկայումս գործող գյուղատնտեսության ապահովագրության համակարգն ունի հիմնային ռեֆորմի անհրաժեշտություն, որին իրատեսական չէ հասնել 2026 թվականին: Որպես լուծում՝ առաջարկվում է 2026 թվականին շարունակել փորձնական ծրագրի իրականացումը, կատարելով նախագծով սահմանված որոշ փոփոխություններ։
Ինչի՞ն է ուղղված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը
- գյուղատնտեսության ինտենսիվացմանը,
- արտադրողականության բարձրացմանը,
- հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը,
- պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը,
- անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը,
- արդիական տեխնոլոգիաների ներդրմանը,
- արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը,
- գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների ավելացմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Դիվերսիֆիկացում և ռիսկերի կառավարում» սկզբունքում և «Բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը» առաջնահերթությունում կարևորվում է ապահովագրական համակարգի աստիճանական ներդրումը։
Նպատակը
ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով նպատակ է դրվել առաջիկա 5 տարիներին ներդնել գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը, ընդլայնել ապահովագրվող ռիսկերի ցանկը, աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը, ստեղծել նախադրյալներ կենդանիների ապահովագրության ներդրման համար։
2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախկին 50-60 %-ի փոխարեն իրականացվել է ապահովագրավճարի 70-80 %-ի սուբսիդավորում, սակայն պրոդուկտների վաճառքի վրա դա էականորեն չի անդրադարձել, նախագծով առաջարկվում է 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրավճարի սուբսիդավորումը ամբողջությամբ իրականացնել Կառավարության միջոցների հաշվին և գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-60 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում (օրինակ՝ ծիրան՝ 40%, խաղող՝ 60%, այլ մշակաբույսեր՝ 50%)։
Ի՞նչ է առաջարկվում ապահովագրական ընկերությունների մասնակցությունը խթանելու համար
Որպեսզի պետությունը աջակցի ոչ միայն տնտեսավարողների ապահովագրավճարների սուբսիդավորման հարցում, այլ նաև աջակցի ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Նախագծով 2026 թվականի համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը ՀՀ կառավարության միջոցների հաշվին կփոխհատուցվի նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 80 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։
Բյուջետային ազդեցությունը
Ֆինանսավորումը ամբողջությամբ կիրականացվի 2026 թվականի ՀՀ պետական բյուջեից (200 մլն դրամ)։
Նոր ծրագրի մեկնարկը
2026 թվականի ընթացքում իրականացնել ապահովագրական փուլի ներդրմանն ուղղված համակարգային փոփոխություններ և 2027 թվականից իրականացնել բարեփոխոխված նոր ծրագիր: