Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովների երրորդ համատեղ նիստը։ Դրանք անցկացվում են 2022 թվականից, երբ կողմերը համագործակցության հուշագիր ստորագրեցին, որով կարևորվեց երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Հայ խորհդրանականները հանդիպումներ են ունեցել նաև Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԱԺ նախագահ Շալվա Պապուաշվիլիի, փոխնախագահ Գիա Վոլսկիի հետ։
Հայ-վրացական ռազմավարական գործընկերություն, տարածաշրջանային, անվտանգային և տնտեսական հարցեր, «Թրամփի ուղի» (TRIPP)․ այս հարցերն են Թբիլիսիում քննարկել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանականները։
Հայաստանի ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ամփոփեց երկօրյա հանդիպումները․
«Իհարկե, Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները շատ ակտիվ և դինամիկ կերպով զարգանում են հատկապես ռազմավարական գործունեության հաստատումից հետո։ Եվ այսօր շատ կարևոր քննարկվող հարցեր կան մեր հարաբերություններում»։
Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներ են արդեն մեկ տարի։ Ըստ Խանդանյանի, այս գործընկերությունը բոլորովին նոր, լրացուցիչ հնարավորություններ է բացում թե՛ տնտեսական համագործակցության, թե՛ առևտրային կապերի տեսանկյունից,
«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները, իհարկե, մշտապես բարեկամական են եղել, բայց այս փաստաթուղթը, վերահաստատում է մեր հարաբերությունների կարևորությունը»։
Երկկողմ հարցերին զուգահեռ վրաստանյան հանդիպումների օրակարգում էին նաև տարածաշրջանային նոր իրողությունները։
Պաշտոնական Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ներդրում ունենալու տարածաշրջանում խաղաղության հաստատելու գործին, դառնալու չեզոք միջնորդ հակամարտող կողմերի միջև։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հեռանկարը կարևորել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Հանդիպելով հայ օրենսդիրների հետ, նա ասել է՝ Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովների համատեղ նիստի ձևաչափը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային դինամիկան։
«Թրամփի ուղին» նույնպես վերջին շրջանի հայ-վրացական քննարկումների օրակարգում է։ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին ողջունել է հայ-ադրբեջանական վաշինգտոնյան համաձայնագիրը։ Այնուհետև «Ռադիոլուրի» հետ զրույցում նա հաստատեց Վրաստանի հնարավոր մասնակցությունը նախագծին․
«Մեզ համար սա նշանակալի որոշում է։ Թբիլիսին տարածաշրջանում խաղաղության և կայունության ջատագովն է։ Իրականում այդ մանրամասները քննարկվում են, սակայն Թբիլիսին ամբողջությամբ սատարում է այդ նախագծին։ Եվ մենք մտածում ենք, որ այս հարցում ԱՄՆ-ի ներգրավվածությունն անելու է ամեն ինչ այդ նպատակի իրագործման համար»։
Ի դեպ, վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը Վրաստանի իշխանությունների հետ քննարկել է, թե ինչպես կարող է Թբիլիսին աջակցել «Թրամփի ուղի» նախագծի իրագործմանը։
Սարգիս Խանդանյանը հավաստիացրեց, որ Թբիլիսին արդեն իսկ որոշակի մասնակցություն ունի նախագծին․
«Իրականում որոշակի մասնակցություն կա Վրաստանի կողմից՝ հաշվի առնելով ցորենի տարանցումը Վրաստանով Ադրբեջանից Հայաստան, նաև վառելիքի ներկրումը, որը պիտի տեղի ունենա մինչև տարեվերջ։ Ադրբեջանական երկաթուղիներով իրականացվում է նաև վրացական երկաթուղիների միջոցով և Վրաստանի օգնությամբ, ինչը տնտեսական համագործակցության տեսանկյունից արդեն որոշակի սիներգիա է ստեղծում Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միջև»։
Հայ և վրացի խորհրդարանականները այս հանդիպման ժամանակ ընդգծեցին, որ երկու երկրների միջև փոխվստահությունը և ռազմավարական գործակցությունը թույլ են տալիս բոլոր հնարավոր հարցերը կարգավորելու ի շահ երկու երկրների ու ժողովուրդների։