
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների օրակարգում և բովանդակության մեջ որևէ փոփոխություն չկա, «Ռադիոլուր»–ին ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու բոլորովին այլ օրակարգի համար ստեղծված հանձնաժողովներում են քննարկվել աշխատանքի հետ առնչություն չունեցող այլ հարցեր՝ փոխադարձ առևտրի և նավթամթերքի հարցերը։ Խոսքը նոյեմբերի 28–ին ադրբեջանական Գաբալա քաղաքում տեղի ունեցած հանդիպման ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է։
«Ոչ մի փոփոխություն չկա։ Պետք է ասեմ, որ ինչ–որ հարցերում մենք ենք շտապում, ինչ–որ հարցերում ադրբեջանական կողմն է շտապում, բայց գործընթացը շարունակվում է, և ես կարծում եմ, որ մոտակա ապագայում մենք ինչ–որ մի մաս նույնպես կսահմանազատենք և կունենանք այն դրական, հաճելի ստացված իրավիճակը, որը ունենք Կիրանցի մասում։ Այն դարձել է մեր համար օրինակելի մի տեղ, որտեղ մենք միջազգային գործընկերներին և մեր քաղաքացիներին ենք տանում, ցույց տալիս և ի ցույց դնում, թե խաղաղությունը ինչ տեսք կարող է ունենալ և ինչ տեսք ունի»։
Ժամկետի և սահմանազատվելիք հատվածի մասին Ալեն Սիմոնյանը մանրամասներ չի հայտնել։
Մոտ մեկ տարի է, ինչ սահմանազատման հանձնաժողովները հաստատել են սահմանազատման աշխատանքների կարգը և հերթականությունը՝ հյուսիսային կետից սկսելու և մինչև հարավային կետ հասնելու մասին։ Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ, սահամանազտման հարցերով հայաստանյան հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը հաստատել էր, որ չի բացառվում արտահերթ սահմանազատում, որը առնչվում է TRIPP ծրագրին։