Չարենցավան համայնքի ղեկավար Հակով Շահգալդյանը ենթարկվել է վարչական տույժի

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է կայացրել Վարչական տույժ կիրառելու մասին։ Iravaban.net-ը ուսումնասիրել է համապատասխան որոշումը։

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի նախապատմությունը

Հանձնաժողովը հիմք ընդունելով Infocom.am-ի ՝ Չարենցավանի համայնքապետի և կառավարող խմբակցության միջև կնքված պայմանագրին վերաբերող հոդվածը, իրականացրել է հրապարակմամբ ներկայացված տեղեկությունների ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ  Հակոբ Շահգալդյանը 2025 թվականի փետրվարի 5-ին և սեպտեմբերի 4-ին կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագրեր ԱՇԿԱՐ ՍՊԸ-ի հետ, որի գործադիր մարմինը և միակ սեփականատերը հանդիսացել է իր հետ գործնական հարաբերություններ ունեցող անձ՝ Չարենցավան համայնքի ավագանու նույն խմբակցության անդամ Տարոն Եփրեմյանը։Փեըրվարի 5-ին կնքված կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագիրը կնքելուց առաջ Հակոբ Շահգալդյանի կողմից Հանձնաժողով չի ներկայացվել դրա կնքման փաստի վերաբերյալ հայտարարություն՝ այդ կերպ թույլ տալով Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերևույթ խախտում։

Հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 13-ի համապատասխան որոշմամբ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Հանձնաժողովը ծանուցել է Հակոբ Շահգալդյանին՝ հրավիրելով անձամբ կամ ներկայացուցչի միջոցով մասնակցելու վարչական իրավախախտման հիմքով արձանագրության կազմմանը, ինչպես նաև իրականացվող գործի քննությանը։  Սակայն երկու դեպքում էլ Շահգալդյանը չի ներկայացել Հանձնաժողով։ Արձանագրության կազմումը և գործի քննությունը անցկացվել են նրա բացակայությամբ։

Հանձնաժողովն էական է համարում, որ 2025 թվականին նշված ընկերության հետ կնքված 3 պայմանագրերից 2-ի դեպքում շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հակոբ Շահգալդյանը գրավոր հայտարարություն է ներկայացրել Հանձնաժողով, ինչը վկայում է , որ Շահգալդյանը գտել է, որ իր կողմիղ Աշկար ՍՊԸ-ի հետ կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրի կնքումը կարող է հանգեցնել շահերի բախման։

Հանձնաժողովի դիտարկումը

Հանձնաժողովն արձանագրել է, որ Հակոբ Շահգալդյանի կողմից կատարված արարքը հանգցնում է օրենքով պահպանվող շահերի, սույն դեպքում՝ Հանրային ծառայության մասին օրենքով, ամրագրված շահերի բախմանը վերաբերելի իրավահարաբերությունների բուն էության խաթարմանը։ Միաժամանակ, առկա չեն եղել այն դեպքերը, երբ անհապաղ գործողություն կատարելը պայմանավորված է եղել անձանց կյանքի, առողջության, իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի, պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության պաշտպանության անհրաժեշտությամբ։

Հանձնաժողովի որոշումը

Հանձնաժողովը կատարված ուսումնասիրությունների արդյունքում որոշել է Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի՝ 300,000 ՀՀ դրամի չափով։

Leave a Comment