Երկրորդ հնարավորություն․ կրթության ազդեցությունը պրոբացիայի գործընթացում. «Դպրություն»

Պրոբացիայի համակարգը ոչ միայն վերահսկում է դատապարտված անձանց պարտավորություններն, այլև հնարավորություն է տալիս վերաինտեգրվել հասարակությանը։ Բայց այս ճանապարհը հեշտ չէ. այն պահանջում է աջակցություն, մոտիվացիա և, ամենակարևորը՝ գիտելիք։ Կրթությունն այստեղ դառնում է առանցքային գործիք՝ ոչ միայն մասնագիտական նոր հմտություններ ձեռք բերելու, այլև մտածողության փոփոխման, ինքնաճանաչման և սեփական հնարավորությունների գիտակցման համար։

«Պրոբացիայի ծառայությունը բազմաթիվ լիազորություններ ունի և տարատեսակ գործառույթներ է իրականացնում։ Այս ամբողջի մեջ շատ կարևոր դեր ունի կրթական վերասոցիալականացման, վերաինտեգրման գործառույթը։ Եվ պրոբացիայի ծառայությունը սրան մեծ ուշադրություն է դարձնում, որովհետև ինչքան էլ մենք շահառուին վերահսկենք, պատիժը ի կատար ածենք, եթե զուգահեռ չիրականացնենք վերասոցիալականացում, չենք կարող մեր առջև դրված խնդիրն իրականացնել։ Սա հենց այն գործառույթն է, որ շահառուին հետ է բերելու ավելի իրավահպատակ վարքագծի և նպաստելու է օրինապահ քաղաքացու ձևավորմանը»,- ասում է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը։

Սիրարփի Մուղդուսյան, Նարե Հովհաննիսյան

2025 թվականի նոյեմբերին հաջողությամբ ամփոփել ենք «Վերաինտեգրման ուղիներ․ հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն էր աջակցել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուներին՝ յուրացնելու այնպիսի անձնական, սոցիալական, իրավական և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են հասարակությունում ինքնուրույն ապրելու, համայնքում պատասխանատու վարքագիծ դրսևորելու, աշխատանք գտնելու, շրջապատում դրական կապեր հաստատելու, իրենց իրավունքներն իրացնելու և դժվարությունները հաղթահարելու համար։

Այդ համատեքստում կազմակերպվել է «Սոցիալական հմտությունների զարգացում և բարեկեցություն», «Անհատական աճ և զբաղվածության հմտություններ», «Իրազեկում և իրավունքների պաշտպանություն» և «Սոցիալական վերաինտեգրման հմտություններ» թեմաներով 16 դասընթաց, որոնց մասնակցել է 40-ից ավել շահառու, ներառյալ՝ նրանց ընտանիքի անդամները։

Դասընթացների ժամանակ անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսիք են հաղորդակցական հմտությունների զարգացումը, անձնական աճը, ինքնաճանաչումը և ներուժի բացահայտումը, հույզերի և սթրեսի կառավարումը, հուզական բարեկեցությունը, նպատակներ սահմանելը և անձնական նվաճումների հասնելը, ժամանակի կառավարումը, աշխատանքային ռեզյումե կազմելը, աշխատանքի հարցազրույցի ներկայանալը, աշխատանք փնտրելու հմտությունների զարգացումը։

«Եթե ես զուգահեռներ տանեմ այն անձանց միջև, ովքեր պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում և պրոբացիայի ծառայությունում, որոշակի տարբերություններ կան։ Բնականաբար, այն անձինք, ովքեր փակ հաստատություններում են, մի փոքր ավելի այլ ձևով են վերաբերվում այս միջոցառումներին, որովհետև ազատության մեջ հայտնվելու հույսն ինչոր առումով կապված է նաև այդ ծրագրերին մասնակցության հետ։ Իսկ պրոբացիայի ծառայության շահառուները ազատության մեջ են, և այստեղ իրենց հետ ավելի շատ աշխատանք պետք է տարվի, որպեսզի այս անձանց կողմից գիտակցվի գիտելիքի և կրթության կարևորությունը», ասում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» կազմակերպության  նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Leave a Comment