Միքայել արքեպիսկոպոսի առողջական վիճակը, ՔԿՀ-ներում մահվան ցուցանիշներն ու համակարգային խնդիրները ԱԺ քննարկումների կենտրոնում

Ազգային ժողովում կրկին քննարկում են քրեակատարողական հիմնարկներում առկա պայմանները, մահվան դեպքերը, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական խնդիրներն ու նրա գործի ընթացքը։

Պատգամավորները, նախարարները և ՔԿԾ ներկայացուցիչները իրավիճակին հակասական գնահատականներ են տվել՝ ընդգծելով թե՛ համակարգային խնդիրները, թե՛ իրավական գործընթացները։

ՔԿՀ-ների համակարգում արձանագրված մահվան դեպքերն ու քրեական ենթամշակույթի շարունակվող ազդեցությունը ևս դարձել են քննարկման առարկա։ Պաշտոնական տվյալներով՝ մեկ տարում մահվան 23 դեպք է արձանագրվել։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Գառնիկ Դանիելյանը։ Նա ընդգծեց, որ կարևոր է ապահովել, որ վիրահատությունն արվի սրբազանի անձնական բժշկի անմիջական մասնակցությամբ։ Պատգամավորը խնդրի հրատապությունն ընդգծեց նաև ՔԿՀ-ներում արձանագրված մահվան դեպքերի վիճակագրությամբ։ Մեկ տարվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներում 23 մահվան դեպք է արձանագրվել։

«ՔԿՀ-ներում գրանցվող տխուր վիճակագրությունը մեզ զգոնության և սթափության կոչ է անում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ արդեն գրանցված 23 մահերը չդառնան 24։ Ցավով պետք է նշեմ, որ այդ 24-րդը, Աստված մի արասցե, կարող է լինել սրբազան հայրը»։

Գառնիկ Դանիելյանը տեղեկացրեց, որ Միքայել սրբազանի պաշտպանն արդեն դիմումն ուղարկել է համապատասխան մարմիններին, սակայն դիմումի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել։

«Այդ ուղղումն էլ կանենք, եթե իրենք համարում են, որ խնդիրն այդտեղ է։ Մենք դա էլ կանենք և կտեսնենք՝ դրանից հետո նորից ձգձգումներ, արհեստական խոչընդոտներ ստեղծվում են, թե ոչ»։  

Բյուրոկրատական որևէ քաշքշուկ չկա և չի կարող լինել, եթե հարցը վերաբերում է անձի առողջությանը, Ազգային ժողովում լրագրողներին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով՝ դիմումը կքննարկվի, կներկայացվի պատասխանը և կձեռնարկվեն այն միջոցները, որոնք անհրաժեշտ են մարդու առողջության համար:

«Այն դիմումը, որը պետք է ներկայացվի, չի ներկայացվել: Ես հանձնարարել եմ, որ եթե իր փաստաբանները տեղյակ չեն՝ ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանն այսօր կմոտենա իրեն և համապատասխան դիմումը ներկայացնի անհրաժեշտ ՊՈԱԿ-ին»։

Միքայել Աջապահյանի առողջական վիճակի մասին լրագրողի հարցին պատասխանելով՝ ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանն ասաց, որ նման հարցերի հասցեատերն իրենք չեն, այլ քրեակատարողական բժշկության ՊՈԱԿ-ը։

«Տեղեկություն չունեմ, և հաշվի առնելով բժշկական գաղտնիքը, իրավասություն չունեմ որևէ մանրամասնություն հրապարակելու»։

Անդրադառնալով Միքայել Աջապահյանի և Սամվել Կարապետյանի պահման պայմաններին՝ Թադևոսյանը նշեց․ «Նրանք գտնվում են այնպիսի պայմաններում, ինչպիսիք ապահովվում են ազատությունից զրկված մյուս անձանց համար»։

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Վերաքննիչ դատարանում դեկտեմբերի 15-ին նիստ է նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու մեղադրանքով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։

Քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի թիվը մտահոգիչ է՝ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ մահերի պատճառները բազմաբնույթ են․ մասնավորապես՝ ինքնասպանության ութ դեպք է եղել, որոնց զգալի մասն առնչվում է հոգեկան առողջությանը։  Բացի այդ՝ ևս ութ դատապարտյալ մահացել է քաղաքացիական հիվանդանոցներում․ նրանք, առողջական ծանր վիճակով պայմանավորված, տեղափոխվել էին բուժհաստատություններ, սակայն բժշկական միջամտությամբ հնարավոր չի եղել փրկել նրանց կյանքը։

Այդ դեպքերի հիմնական մասի պատճառը եղել են երկարատև կամ ծանր հիվանդությունները՝ ասել է նախարարը։

ԱԺ-ում քննարկման առանցքում եղել է կառավարության թիվ 825 որոշումը, որը սահմանում է պատժի կամ կալանքի կրմանն անհամատեղելի հիվանդությունների ցանկը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել է, որ այդ որոշման իրագործման ուղղությամբ զգալի աշխատանք է արվել Առողջապահության նախարարության հետ։

«Փորձելու ենք այնպիսի մոտեցում ապահովել, որպեսզի այն դեպքերում, երբ առանձին հիվանդությունները չեն հատում սահմանված շեմը՝ ցանկում ընդգրկվելու, հնարավոր լինի գնահատել դրանց համակցված ազդեցությունը։ Հիվանդությունների համակցությունը կարող է դառնալ հիմք, որպեսզի տվյալ անձին հնարավորություն տրվի չկրելու պատիժը կամ փոխելու խափանման միջոցը»։

ԱԺ-ում քննարկումները շարունակվում են։ Դրանց նպատակն է նվազեցնել մահվան դեպքերը և ապահովել դատապարտյալների առողջական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։

Leave a Comment