8 դեկտեմբերի 2025 – 13:08 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 8–ին Ռուսաստանի մայրաքաղաքում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովի նիստը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի պատվիրակությունները, ինչպես նաև կազմակերպության անդամ չհանդիսացող Իրանի ներկայացուցիչները։
ՀՀ–ն չի մասնակցում։
Դեկտեմբերի 8-ին խորհրդարանականները կհավաքվեն Պետդումայի շենքում՝ մասնակցելու խորհրդի համատեղ նիստին և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 18-րդ լիագումար նիստին։ Այն կվարի Ռուսաստանի Պետդումայի նախագահ և միաժամանակ ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Լիագումար նիստում կքննարկվեն անդամ պետությունների օրենսդրության հարցերը, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու միջոցները։
Պետդումայի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նիստի արդյունքներով կձևակերպվի միջազգային անվտանգության ապահովման վերաբերյալ հայտարարության նախագիծ՝ բազմաբևեռ համաշխարհային համակարգի ձևավորման համատեքստում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի France 24-ին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն ըստ էության սառեցված է։ Կրեմլից արձագանքել էին՝ պնդելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին որևէ պաշտոնական ծանուցում չի ուղարկել անդամակցության սառեցման վերաբերյալ։
ԱԳՆ-ից ավելի վաղ հայտարարել էին, որ Հայաստանը դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորումը և չի միանա 2023 թվականի նոյեմբերի 23-ին ընդունված՝ «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը։ Միևնույն ժամանակ, ըստ գերատեսչության, Հայաստանը չի առարկում, որ բյուջեն հաստատվի սահմանափակ ձևաչափով։
2024-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում վարչապետը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և պետականության համար։