Թիվ 24 մանկապարտեզի հին շենքի փոխարեն կկառուցվի նոր մանկապարտեզ՝ նախատեսված 144 երեխայի համար

Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը, այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը ներկայացվեց Արաբկիր վարչական շրջանի համար 24 մանկապարտեզի հին շենքի քանդման, նորի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքների մասին։ 

Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան 12/3 հասցեում գտնվող թիվ 24 մանկապարտեզի հին շենքի քանդման և նորի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքների համար հայտարարված մրցույթը կայացել է սույն թվականի նոյեմբերի 18-ին, որը գտնվում է պայմանագրի կնքման փուլում։ Ֆինանսավորումը իրականացվում է Երևանի համայնքի բյուջեով։ 

Նախատեսվում է շինարարական աշխատանքները մեկնարկել 2026 թվականի փետրվար ամսից։ Շինարարության ժամկետը 28 ամիս է։

Նախկին երեք խմբի փոխարեն կառուցվելու է վեց խմբանի մանկապարտեզ, նախատեսված 144 երեխայի համար։

Շենքը ամբողջությամբ համալրված է լինելու օդափոխության և ջեռուցման համակարգերով։ Տանիքում տեղադրվելու են արևային ֆոտովոլդային և արևային ջրատաքացուցիչ համակարգեր։ Շենքում նախատեսվում է տեղադրել հակահրդեհային ահազանգման և հրդեհաշիճման ինքնաշխատ համակարգեր։  Բակում նախատեսվում է կառուցվել ոռոգման համակարգ, նոր ճանապարհ, սիզամարգեր, մայթեր, մանկական խաղահրապարակներ, ռետինե ծածկույթով։ 






Կարդացեք նաև՝


Leave a Comment