«Հրապարակը» զրուցել է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ:
-Ինչպե՞ս կբնութագրեիք 10 սրբազանների քայլը, եկեղեցուց տարանջատվելը, Փաշինյանի հետ հանդիպումը:
-Այդ հանդիպմանը մասնակից էր Աբրահամ Սրբազանը, ով իմ հոգևոր կյանքում մեծ դերակատարում է ունեցել, իսկ Անուշավան Սրբազանը ինձ քահանա է օծել: Այս ամենը չեմ կարող ուրանալ անշնորհակալի պես: Աստվածաշունչն ասում է՝ դու քո հորը սիրիր՝ անգամ եթե խելքը կորցրել է, որովհետև դու քո ծերությունը չգիտես: Ես հիմա աղոթում եմ իրենց համար: Մի պատմություն հիշեցի: Մի մուրացկանի մոտով մի զինվորական է անցնում՝ շքանշաններով ու սպիներով, եւ այդ մուրացկանին մտրակում է: Մուրացկանը հետևից ասում է՝ երջանի՜կ եղիր: Հավաքված մարդիկ զարմացած ասում են. «Ինքը քեզ մտրակեց, դու իրեն երջանկությո՞ւն ես ցանկանում»: Մուրացկանն ասում է. «Եթե նա երջանիկ լիներ, ինձ չէր մտրակի»: Հիմա այս հրեշը, որ երջանիկ լիներ, այս ազգին այս վիճակի մեջ կգցե՞ր: Երբ մարդը մեղք է գործում, դուռ է բացում սատանայի առաջ, դառնում է նրա գերին: Սատանան էլ սիրում, կերակրում է, մի օր էլ ճտին է բերում, ցույց տալիս, թե՝ կամ ինձ երկրպագիր, կամ էլ մարդկանց առաջ խայտառակ կլինես: Քչերն են քաջություն ունենում խոստովանելու համար. հոգևոր գիտակցությունը շատ բարձր պիտի լինի, որ կարողանան անել:
–Հատկապես քննարկվեց Արցախի թեմի առաջնորդի ներկայությունը Փաշինյանի հետ հանդիպմանը:
-Ի՞նչ կարող ես անել, երբ Արցախը հանձնելուց հետո Արցախի թեմի առաջնորդը գնում է այդ հանդիպմանը: Այն դեպքում, երբ Վեհափառ Հայրապետը կարող էր այդ առաջնորդությունը չպահել. Արցախը չկար, էլ ինչու՞ պահել այդ առաջնորդությունը, բայց Վեհափառը պահեց, որ այդ անիրավված մարդկանց ամուր պահի, անմար պահի նրանց վերադարձի ու արդարության վերականգնման հույսը: Հիմա այս հրեշը ի՞նչ է անում, ամեն մարդու հինգ միլիոն դրամ է տալիս, ասում է՝ Արցախի քաղաքացիությունից հրաժարվեք, իսկ դա նշանակում է՝ պահանջատիրությունից հրաժարվել: Եթե մարդն իր ժառանգությունից հրաժարվում է, հետո չի կարող պահանջատեր լինել եւ իր ժառանգությունը հետ պահանջել: Արցախի թեմի առաջնորդի գործն ի՞նչ պետք է լինի, պետք է ասի՝ ժողովուրդ, մի՛ արեք, այլապես հավիտյա՛ն եք կորցնելու Արցախը: Մեր ժառանգությունը ընդմիշտ էինք կորցնելու, հենց դրա համար էլ Վեհափառը պահել է Արցախի թեմը, որպեսզի կանխի Արցախի ժառանգության կորուստը: Փաստացի այդ է Վեհափառի վրա հարձակվելու բուն պատճառը:
-Սրբազանների անձերը մի կողմ թողնելով, նրանք պահանջում են Արշակ սրբազանի ծառայությունը կասեցնել, այլապես պահանջում են նոր կաթողիկոսի ընտրություններ: Ինչի՞ կարող են հանգեցնել այս գործընթացները:
-Արշակ սրբազանն իր մեծ դերն ունի իմ քահանայական ձեռնադրության մեջ: Երբ օծումից հետո ես նրան ասացի՝ շնորհակալ եմ, նա ասաց, որ հանուն Աստծո է արել, բառացի ասեմ, ասաց՝ Աստծո համար եմ արել: Թե ինչքանով եմ կարողացել Տիրոջն ուրախացնել իմ ծառայությամբ, միայն տերը գիտի, բայց … ի՞նչ ասեմ, խոր հարգանք ունեմ սրբազանի անձի եւ նվիրումի հանդեպ:
Առհասարակ, այդ իշխանականները ում վրա որ հարձակվում են, նրանց մենք պիտի պաշտպանենք: Եթե հարձակվում են, ուրեմն վախենում են, ուրեմն մի բան կա: Համենայնդեպս, ես վստահ եմ, որ իրենք կուզեին՝ ոչ թե ութ կամ տասը եպիսկոպոս դեմ դուրս գար Վեհափառին, այլ՝ բոլորը, բայց այդքանին կարողացան նենգաբար խաբել: Ասենք՝ տասը հոգանոց մի խմբից ինչ-որ մեկը կամարտահայտություն է անում, ասում է՝ ես այսպես եմ ուզում, ինը հոգին ասում են՝ ո՛չ… Հիմա մեր եկեղեցում կա 57 եպիսկոպոս, մեծամասնությունն ո՞ւմ կողմն է:
Եկեղեցուն անհնար է դրսից որեւէ բան պարտադրել կամ թելադրել. կարգաթողություններ, նոր կաթողիկոսական ընտրություններ, թե այլ բան: Եկեղեցին իր կյանքն ու ընթացքն ունի: Անգամ Եկեղեցու կողմից օծված թագավորները եւ գահակալները չեն խրախուսվել նման ամբարտավան գործելակերպի մեջ, ուր մնաց՝ «ժողովրդի ընտրյալ» ինչ-որ միմոսներ:
–Տեր Ահարոն, Գևորգ եպիսկոպոսը Հանրայինի եթերում հստակ մեղադրանքներ հնչեցրեց եկեղեցու հասցնեին, որ եկեղեցին քաղաքականացված է: Այսինքն, փաստացի կրկնեց Փաշինյանի թեզերը: Նա անկեղծորեն հավատո՞ւմ է իր ասածներին ու ի՞նչ հետևանքների կարող է սա հանգեցնել:
-Նա կարող է հավատալ Եկեղեցու մասին իր կամ մեկ ուրիշի կարծիքին, բայց դրանից Եկեղեցու էությունը եւ առաքելությունը բնավ չեն խաթարվում, որովհետեւ Եկեղեցին հիմնված է ոչ թե այդօրինակ կարծիքների, այլ վեմի` Հիսուս Քրիստոսի վրա: Եկեղեցին ընթանում է Խաչի ճանապարհով: Այս իրողության հնարավոր ամենահավանական հետեւանքը փրկությունն է բոլոր նրանց, ովքեր առաջնորդվում են ոչ թե սեփական կամ այլոց կարծիքներով, այլ Աստծո խոսքի ճշմարտությամբ, որը բոլորովին վերջերս հայտարարվեց «ոչ պոլիտկոռեկտ»: Եկեղեցին փրկության տապանն է բոլոր նրանց համար, ովքեր ներսում են, հետեւաբար՝ զբաղված են ահով ու դողով իրենց փրկությունն իրագործելով՝ համաձայն առաքելական հորդորի:
–Անազատության մեջ գտնվող երեք սրբազանների նամակը ունեցա՞վ իր ազդեցությունը եպիսկոպոսաց ժողով հրավիրելու մասով։ Ի՞նչ կլինի այդ ժողովի ժամանակ, կարգալույծ կանե՞ն տիրադավ սրբազաններին:
-Այդ հարցերի հասցեատերը, երեւի, հենց եպիսկոպոսաց ժողովն է: Ամեն դեպքում, Հայ առաքելական եկեղեցին ունի իր կանոնները եւ ընթացակարգերը իր առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, եւ կարելի է եզրակացնել, որ եղած կանոնակարգերից շեղումներ չեն կարող թույլատրվել: Եկեղեցին պայքարում է մեղքերի եւ ոչ թե մեղավորների դեմ: Եկեղեցուց դուրս են դրվում նրանք, ովքեր բացահայտ թշնամանում եւ ապստամբում են Աստծո դեմ: Եթե քննությամբ պարզվի նշված սրբազանների ընթացքի մեջ նման չարամետ ու հանդուգն դիտավորության առկայության հանգամանքը, ապա , այո՛, անշուշտ:
-Հնարավո՞ր է, որ վեհափառը հոգևորականներին հավելյալ ճնշումներից հետ պահելու համար հրաժարական տա՞:
-Ո՛չ: Դա դասալքություն եւ փակուղի է, ոչ թե խնդրի լուծում: Դա նույնն է, եթե հողագործը դադարի վերահսկել մշակությունը, որպեսզի բերքը ամբողջությամբ չոչնչանա խեղդող մոլախոտերից, սակայն արդյունքում ընդամենը մոլախոտերի տարածման համար առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն, եւ … Ընդհակառակը, պետք է ուղիներ փնտրել՝ մոլախոտերի դեմն առնելու եւ արժանի փոխանորդ պատրաստելու մշակության հետագա արդյունավետ խնամքի համար: «Ոչ պոլիտկոռեկտ» Աստծո Խոսքը է՛լ ավելի խիստ բնորոշումներ ու գնահատականներ է տալիս «հրաժարական տալու» մտայնության առնչությամբ, ո՛չ դանակ-պատառաքաղային, այլ միանգամից կացնահարում ու արատը հատում է արմատից: Երկսայրի սրի պես ազդու եւ հատու` կտրում ու թափանցում է բոլոր սրտերի անտեսանելի խորհուրդների եւ ծածուկ դիտավորությունների մեջ:
«Ոչ պոլիտկոռեկտ» Աստծո խոսքը մի մարդու մասին է, ով համբերեց մինչեւ վերջ եւ կատարեց իր առաքելությունը, ով եւ վարդապետ էր, եւ՛ օրինակ:
–Ինչո՞վ է պայմանավորված Արշակ Սրբազանի կալանավորումը։ Սա՞ է սպասվում սկզբունքային հոգեւորականներին։
-Ցավում եմ, որ ապօրինի ձերբակալողները մեծ պատուհասի են ենթարկվելու։ 1174թ.-ին Բոլդուին 4-րդը, ով 14 տարեկանում թագադրվեց եւ ընդամենը երկու տարի հետո հաղթեց անպարտելի համարվող Սալահեդդինին, իր զորավարներից մեկին ասել է.
«Ես 16 տարեկան էի, երբ հաղթեցի Սալահեդդինին։
Այն ժամանակ մտածում էի, որ ես հավերժ եմ ապրելու, այժմ գիտեմ, որ 30 տարեկանին էլ չեմ հասնելու։ Մենք չենք կարող կանխորոշել ապագան։ Թագավորը կարող է պահանջել հպատակություն, հայրը` հնազանդություն, բայց հիշի’ր, ով էլ, որ լինի քո տիրակալը, քո հոգու համար միակ պատասխանատուն դու ես։ Եւ երբ ԱՍՏՎԱԾ քեզ կանչի, դու չես կարող ասել, որ դու կուրորեն հրաման ես կատարել, չմտածելով հետեւանքների մասին, պատվի մասին, քաջության մասին»:
Սա ի գիտություն նրանց համար, որոնք հրաման կատարելու պատրվակով իրենց դժոխքի են մատնում: Ի դեպ, վերջերս ԱՄՆ-ում արված մի հետազոտության մասին կարդացի։ Պարզվում է, որ ԱՄՆ-ի մուրացկանների 92%-ի նախատատերը կամ տատերը մարմնավաճառներ են եղել։ Թե այդ չարագործների սերունդները այդ նզովքի հետեւանքով ինչպիսին են լինելու, կարելի է ենթադրել։
«Հրապարակ օրաթերթ»