Թբիլիսյան կոլորիտից անհետացող ևս մի երանգի մասին — Հայաստանի Հանրային Ռադիո

Թբիլիսիում հիմա դժվար է գտնել հին Թիֆլիսի կոլորիտը համարվող փողոցային կոշիկ մաքրողների։ Բայց նրանք, այնուամենայնիվ կան։ Եթե ժամանակին շատերն իրենց  օրն սկսում էին կոշիկ մաքրողի մոտ ոտնամանները փայլեցնելով, ապա այսօր շատ քչերն են նրանց ուշադրություն դարձնում։

Հին Թիֆլիսում հատուկ նստարաններով կոշիկ մաքրողների գրեթե յուրաքանչյուր փողոցում կարելի էր հանդիպել։ Այսօր, սակայն, Վրաստանի մայրաքաղաքում նրանցից միայն հինգն են մնացել, և աշխատում են միայն կայարաններում ու ավտոկայաններում։

Սա հասկանալի է՝ բացատրում է զրուցակիցս՝ ազգությամբ ասորի Միշա Հակոբովը, այստեղ այլ երկրներից ժամանողները մաքրում են երկար ճանապարհից փոշոտված կոշիկները, այնուհետև շտապում իրենց գործերով։

Միշա Հակոբովն արդեն քառասուն տարի զբաղվում է այս գործով։ Հազարավոր մարդկանց կոշիկներ է մաքրել–փայլեցրել, շարունակելով հոր ու պապի գործը։ Նա դա ասորիների համար ավանդական մասնագիտություն է համարում և մտահոգված է, որ իր գործը շարունակելու ցանկություն այլևս ոչ ոք չունի։

«Ես այս գործով մարդկանց գեղեցկացնում եմ ինձ դուր է գալիս իմ աշխատանքը։ Այս խոզանակները, որոնցով աշխատում եմ, քառասուն տարվա են։ Նման խոզանակներ այլևս չեն արտադրվում։ Արվել են պատվերով։ Հավլաբարում ժամանակին դրա վարպետը կար»։

Որպեսզի կոշիկները փայլեն, վարպետ Միշան հատուկ սնուցող ու փափկացնող քսուկ է օգտագործում, որ պատրաստում էին դեռ 50 տարի առաջ։ Խոզանակները նույնպես հատուկ են՝ ձիու բաշից ու խոզի մազերից։ Մի խոսքով, այս դյուրին թվացող մասնագիտությունը, պարզվում է՝ շատ նրբություններ ունի։

«Կոշիկի այս քսուկները, ոսկը նույնպես յուրահատուկ են, պատրաստված են տնային պայմաններում։ Այնքան որակով են, որ մեռած կաշին կենդանացնում են։ Ինձ մոտ գալիս են մարդիկ, ում կոշիկների գույնը խամրել է, սակայն կաշին որակյալ է, ես դրանց նոր տեսք եմ տալիս, գոհ հեռանում են» ։

Վարպետի ձեռքերը ողջ օրը շարժման մեջ են։ Սրտնեղում է, որ երբ տանն ասում է՝ հոգնած է, զարմանում են, ասելով ամբողջ օրը նստած ես եղել։ Ես նստած ե՞մ, ես անգործ նստա՞ծ եմ, հարցնում է վարպետը, սևացած ձեռքով սրբելով ճակատի քրտինքը։

«Նայեք ինչ սալիդնի և գեղեցիկ կոշիկներով է։ Տղամարդ է՝ սև կոշիկներով։ Նրա առավելությունը անցնող սպիտակ սպորտային կոշիկների կողքին մեծ է։ Սա կուլտուրա է, հագուկապի կուլտուրա»։

Միշա Հակոբովն ասում է՝ խորհրդային տարիներին կոշիկ մաքրելով կարողանում էր ընտանիք պահել, այսօր՝ ոչ, նրա նստարանն այսօր անցող–դարձողների համար արդեն կոշիկներն անվճար մաքրելու տեղ է դարձել։ Սակայն ինքը չի տրտնջում, թեկուզ երբ հինգից միայն մեկն է վճարում, այն էլ երկու լարի՝ մոտ 300 դրամ։

Կարևորը, ասում է, նրանք, ովքեր գալիս են կոշիկները մաքրելու, գնահատում են իր գործը, իսկ ինքը գնահատում է մաքրություն սիրողներին։ 

Ասում է՝ իրեն սիրող ամեն մարդ պետք է խնամված լինի, մաքուր կոշիկներով։  Կոշիկների տեսքից կարող ես դատել, թե ինչ մարդ է դիմացինդ։ Վարպետ Միշան սա ասում է՝ հիշելով, որ շատ տարիներ առաջ իր կինն էլ առաջին հերթին ուշադրություն է դարձրել իր մաքուր ու փայլուն կոշիկներին։

Leave a Comment