Արարատ Միրզոյանը երեկվանից Վիեննայում է: Արտաքին գործերի նախարարը դեկտեմբերի 4-5-ը մասնակցում է ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը:
Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա մեկնարկել է ԵԱՀԿ 32-րդ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությամբ: Հայաստանի արտաքին գործերի նախարարը շփումներ է ունենում մասնակից պետությունների գործընկերների հետ:
Ուշագրավ էր Հայաստանի և Հունգարիայի գործընկեր նախարարների հանդիպումը: Նախարարները վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում տեսնում են դրական դինամիկա. երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանություններ հիմնվեցին: Տարածաշրջանային համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին:
ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանն ունեցած իր ելույթում նախարար Միրզոյանը նշեց, որ աշխարհն էականորեն փոխվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրումից հետո: Արարատ Միրզոյանը կարծում է, որ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում, պետությունների ինքնիշխան հավասարության, պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքներն ավելի քան երբևէ արդիական են:
Այցի մանրամասները՝ տեսանյութում: