ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման որոշումը կենսական քայլ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը Արտգործնախարարների խորհրդի նիստում։
«Օգոստոսին մենք որոշեցինք փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները։ Սա կարևոր քայլ է խաղաղության գործընթացին աջակցելու և ԵԱՀԿ բյուջեի հաստատման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը վերացնելու համար», – նշել է Էլինա Վալտոնենը։
Ավելի վաղ Երևանն ու Բաքուն դիմել էին ԵԱՀԿ քարտուղարությանը՝ խնդրելով լուծարել Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ համանախագահությամբ գործող խումբը, որը հիմնվել էր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար։ Կառույցի՝ դեկտեմբերի 1-ին ընդունված որոշմամբ հայտարարվեց, որ այս խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ-ի կողմից նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերն այլևս անվավեր են։
«Ազատություն»