
Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը կվարի ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողությունը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Միջոցառումը տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին, Վաշինգտոնում։ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։
Վիճակահանության ընթացքում Ֆերդինանդին՝ որպես ասիստենտներ, կօգնեն համաշխարհային սպորտի այլ լեգենդներ.
- NFL-ի Սուպերբոուլի յոթակի հաղթող Թոմ Բրեդին,
- NHL-ի Փառքի սրահի անդամ, Սթենլիի գավաթի քառակի դափնեկիր Ուեյն Գրեցկին,
- MLB-ի «Բոլոր աստղերի խաղի» (All-Star) յոթակի մասնակից Աարոն Ջաջը,
- NBA-ի քառակի չեմպիոն, օլիմպիական և աշխարհի չեմպիոն, Փառքի սրահի անդամ Շաքիլ Օ’Նիլը։
«Այս պատմական վիճակահանությունը վարելը անհավանական պատիվ է։ Որպես ֆուտբոլիստ՝ ես ապրել եմ այս համաշխարհային բեմերի համար։ Այժմ ինձ բախտ է վիճակվել խաղալ մեկ այլ՝ առանձնահատուկ դեր անհավանական մարզիկների հետ միասին՝ որոշելու 12 խմբերի կազմերը, որոնց սպասում է ողջ աշխարհը»,- նշել է Ֆերդինանդը։