Ուկրաինայում խաղաղության ամերիկյան ծրագիրը հաշվի առնո՞ւմ է ՆԱՏՕ-ի շահերը․ հանդիպում Բրյուսելում

Տարեկան հանդիպմանը հավաքված ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները հագեցած օրակարգ ունեին՝ դաշինքի անվտանգության ամրապնդում, Ռուսաստանի կողմից սպառնալիքներին արձագանքում և Ուկրաինային օգնություն․ գրում է BBC-ն։

Սակայն այս թեմաները զիջում էին դիրքերն այն թեմաների համեմատ, որոնցից և՛ նախարարները, և՛ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն փորձում էին հրապարակավ խուսափել՝ Մոսկվայում կայացած խաղաղության բանակցությունների վերջին փուլից։ Չնայած Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից քննարկվող Ուկրաինայի պլանն այս կամ այն կերպ ազդում է ՆԱՏՕ-ի վրա, դաշնակից երկրների նախարարները գովաբանել են Թրամփին պատերազմը դադարեցնելու նրա ջանքերի համար։

«Աշխարհում միայն մի մարդ կա, որը կարողացել է դուրս գալ փակուղուց։ Դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է», – նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ մեկնաբանելով ԱՄՆ վարչակազմի ջանքերը Ռուսաստանի հետ բանակցություններում։

Բանակցություններից հետո Կրեմլի վերջին հայտարարությունները հազիվ թե հաստատեն, որ փակուղուց հնարավոր է դարձել դուրս գալ։ Երեքշաբթի Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների միջև հանդիպումը դեռևս որևէ արդյունք չի տվել, և տարաձայնությունները դեռևս անլուծելի են թվում։ Մինչդեռ ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները, կարծես, դուրս են մնացել բանակցային գործընթացից: Ռյուտեն պնդում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները սերտորեն համագործակցում են Սպիտակ տան հետ այս հարցի շուրջ, սակայն նա դեռևս չի բացահայտել թարմացված խաղաղության ծրագրի որևէ մանրամասնություն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պարզապես հայտարարել է, որ 28 կետանոց սկզբնական փաստաթուղթն անցյալի մասունք է, սակայն նա որևէ մանրամասնություն չի ներկայացրել նորի կամ այն մասին, թե այն հաշվի՞ է առնում արդյոք ՆԱՏՕ-ի շահերը:

«Չափազանց անկեղծությունը չի օգնում այս գործընթացին», – նշել է Ռյուտեն՝ պատասխանելով BBC-ի հարցին:

«Սրանք գաղտնի փաստաթղթեր են», – ժպիտով պատասխանել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին, երբ BBC-ն հարցրել է, թե նա գիտի՞ արդյոք, թե ինչ է գրված Սպիտակ տան փաստաթղթերում:

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ «Ռուսաստանի կողմից բանակցություններում ներգրավվելու լուրջ պատրաստակամություն չի տեսնում»:

Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնան նշել է, որ ո՛չ Պուտինը, ո՛չ էլ ԱՄՆ-ն չեն կարող Եվրոպայի փոխարեն որոշել նրա անվտանգությանը վերաբերող հարցեր:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարելի է խաղաղության հասնել, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է․ «Ավելի շատ զենք փոխանցել»։

Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարթ Էյդեի խոսքով՝ Ուկրաինայում խաղաղությունն «արդար» կլինի, եթե ուկրաինացիներն իրենք որոշեն, թե երբ և ինչ պայմաններում այն ստորագրել։

Leave a Comment