Բյուջե 2026․ ծախսեր ու եկամուտներ — Հայաստանի Հանրային Ռադիո

2025-ը կառավարությունը կփակի բյուջեի ոչ թե 5,5 այլ 5 % դեֆիցիտով։ Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է 2026-ի «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Ամփոփիչ ելույթում Հայաստանի վարչապետն անդրադարձել է տնտեսական ցուցանիշներին, խոսել աղքատության մասին։

«ՀՀ-ում այլևս աղքատության պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա: Այդ պրոբլեմը վաղուց վերացված է, հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր կամ տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային, ՀՀ-ում աշխատեին ու ընտանիքները պահեին: ՀՀ-ում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

2026թ․ կառավարությունը կծախսի 3 տրլն 627 մլրդ դրամ․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը փոփոխվել է։ Ընթացիկ ծախսերը՝ կկազմեն 2 տրլն 923 մլրդ, իսկ կապիտալ ծախսերը՝ 704 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 0,9 մլրդ դրամով՝ ընթացիկ ծախսերի մասով: Նվազեցումը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի վերագնահատմամբ․

 «Մեր կանխատեսումներով՝ անվանական ՀՆԱ-ն կկազմի 11 տրլն 930,3 մլրդ դրամ՝ աճելով 5,4 %-ով, ՀՆԱ-ի դեֆլյատը՝ 3 %, և անվանական ՀՆԱ-ի աճը կլինի 8,5 %։ Պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի անվանական ցուցանիշների փոփոխությունը չի հանգեցրել վերջիններիս գծով համախառն ներքին արդյունքի նկատմամբ կշիռների փոփոխության»։

Նախարարի խոսքով՝ բյուջեի նախնական նախագծի վերաբերյալ պատգամավորներից ստացվել է շուրջ 30 առաջարկ, որոնց մի մասն ընդունվել է: Հայաստանի վարչապետը ամփոփիչ ելույթում հիշեցնում է՝ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստացել էին, որ կապահովեն տարեկան շուրջ 7 % տնտեսական աճ:

«Մենք վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 1 տրլ 542 մլն դրամով կամ 133 %-ով: Այս տարվա բյուջեի հավելյալ ավելացած մասը 2017-ի համեմատությամբ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն, այսինքն՝ մեր ավելացած մասը 2017 թվականի տարեկան բյուջեից ավելին է»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ փոփոխություններն ազդել են մարդկանց կյանքի որակի վրա։ Այդ մասին Ջինի գործակիցն է փաստում։

«Վերջին ցուցանիշներով՝ ՀՀ-ն էական բարելավում է ունեցել այս տեսանկյունից, և նախորդող շրջանի նկատմամբ մենք բավական լավ աճ ունենք, ինչը նշանակում է, որ երկրում գեներացվող գումարները, արդյունքը, դրա բաշխումը հնարավորինս հավասար ու արդար են տեղի ունենում»։

Խորհրդարանական ընդդիմությունը տնտեսական ցուցանիշների կապակցությամբ դիտարկումներ ունի։ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանին լսենք․

«Ներկայացված բյուջեի նախագծում նշվում է, որ արդյունաբերության աճը առաջանցիկ է լինելու և միջինը կազմելու է 6,8 %։ Կխնդրեի նշել՝ կոնկրետ որ արդյունաբերության մասին է խոսքը, և մի քիչ էլ ավելի մանրամասնորեն, լավ, օրինակ՝ որ լոկոմոտիվ ձեռնարկությունների մասին է խոսքը»։

Ֆինանսների նախարարն ընդգծում է՝ արդյունաբերության աճի մասին խոսելիս դիտարկում են տնտեսությունը, կարողանում են հասկանալ միտումները։ Կարծում են, որ արդյունաբերության աճը վերականգվելու է

«Եթե որպես առանձին գործոն նշեմ արդյունաբերության աճը, տեսել եք, որ գործոններից էականը Ամուլսարի գործոնն է լինելու»։

Ֆինանսների նախարարն ընդգծում է՝ ցուցանիշները հնարավորություն են տալիս 2026 թվական մտնելու կայուն տնտեսությամբ, կառավարելի և կայուն պարտքի մակարդակով:

Leave a Comment