Հրդեհից հետո ինչ իրավիճակ է հիմա Նուբարաշենի աղբավայրում

Նուբարաշենի աղբավայրում իրավիճակը շարունակում է անհանգստություն առաջացնել ինչպես մասնագետների, այնպես էլ հարակից համայնքների բնակիչների շրջանում։ Երևանում գտնվող խոշորագույն աղբավայրերից մեկը դեռ գործում է բաց, չկանոնակարգված պայմաններում, ինչը հանգեցնում է օդի աղտոտման, թունավոր գազերի արտազատման և պարբերական հրդեհների բռնկման։

Նուբարաշենի աղբավայրը տարեկան ընդունում է հարյուր հազարավոր տոննա կենցաղային թափոններ, որոնց զգալի մասը չի տեսակավորվում և անմիջապես լցվում է աղբակույտերում։ Տարածքում բացակայում են ժամանակակից սանիտարական համակարգերը, իսկ մեթանի և այլ գազերի բնական կուտակումները ստեղծում են ինչպես հրդեհային, այնպես էլ պայթյունավտանգ պայմաններ։

Oragir.News-ն այսօր այցելեց աղբավայր՝ արձանագրելու իրավիճակը։ Թեև հրդեհ չկար, բացվող տեսարանը սարսափեցնող էր․ տարածքը լի էր բարձրացած աղբակույտերով, ուժեղ հոտով և դյուրավառ նյութերով, որոնք ցանկացած պահի կարող են հանգեցնել նոր հրդեհի բռնկմանը։ Նշենք, որ մեր թիմը փորձեց մուտք գործել տարածք, սակայն աղբավայրի պատասխանատուներից մեկը տեղեկացրեց, որ առանց Երևանի քաղաքապետարանի թույլտվության նկարահանում իրականացնել հնարավոր չէ։

Մասնագետները տարիներ շարունակ ահազանգում են, որ աղբավայրի ներսում առաջացող մեթանը վերահսկվող չէ, ինչի հետևանքով պարբերաբար տեղի են ունենում ինքնաբորբոքումներ։ Նախորդ տարիների ընթացքում գրանցվել են մի քանի օրվա տևողությամբ հրդեհներ, որոնց այրման հետևանքով ծուխը հասել է մայրաքաղաքի տարբեր հատվածներ։

Միաժամանակ՝ Նուբարաշենի և հարակից թաղամասերի բնակիչները մշտապես բողոքում են աղբավայրից տարածվող ծանր գարշահոտությունից և օդի վատ որակից։ Ըստ նրանց՝ հատկապես երեկոյան ժամերին տարածքը ծածկվում է դեղնավուն-մոխրագույն մառախուղով, իսկ հրդեհների օրերին գարշահոտն ու ծուխը դառնում են անտանելի։

Պատասխանելով մեր հարցին, թե վերջին շրջանում որևէ արտառոց դեպք տեղի՞ է ունեցել, աղբավայրի աշխատակիցը նշեց, որ նման դեպքեր չեն գրանցվել։

Մանրամասները`տեսնյութում:

Leave a Comment