«Մեր ձևով» շարժումը հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով ստորագրահավաք է սկսել, ՀԾԿՀ-ն դա քաղաքական շոու է համարում

Էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման պահանջով համապետական ստորագրահավաքի մեկնարկի մասին է այսօր ազդարարել «Մեր ձևով» շարժումը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս նախաձեռնությունը քաղաքական շոու են համարում՝ ընդգծելով, որ այդ առաջարկը հիմնված է ընդամենը 6-ամսյա  հաշվարկների վրա։

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչն էլ նշել է, որ արդեն կան ավելի հիմնավոր հաշվարկներ, թե մոտավորապես ինչ չափով հնարավոր կլինի սակագնի նվազեցումը։ Ռոմանոս Պետրոսյանը հույս է հայտնել, որ սակագնի վերանայում հնարավոր կլինի միայն 2026-ին։

Դեռևս այս տարվա մայիսին ՀԷՑ սեփականատերը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հոսանքի սակագինը 2024-ին կուտակված շահույթի հաշվին նվազեցնելու առաջարկով։ «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանի խոսքով՝ դեռ այն ժամանակ սեփականատերերը ճշգրտորեն հաշվել էին, որ տարվա երկրորդ կեսին կուտակված գումարը ոչ միայն կրկնապատկվել էր, այլև գերազանցել կրկնապատիկը, և այս պահի դրությամբ 6 մլրդ դրամից ավելի կուտակված գումար կա։

«Հոկտեմբերի 30-ին «Տաշիր կապիտալ»-ի կողմից կրկին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմում մուտքագրվեց՝ էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու պահանջով։ Այդ ժամանակ մենք ազդարարեցինք, որ հանրային վերահսկողություն ենք մեկնարկում այս պետական մարմնի նկատմամբ, որպեսզի հոսանքի սակագնի իջեցումը, որը հիմնավորված և արդարացի պահանջ է, տեղի ունենա։ Այսօր դեկտեմբերի 3-ն է, և մինչև օրս ՀԾԿՀ-ն այդ դիմումին չի արձագանքել։ Անպատասխան է մնացել»։

«Մեր ձևով» շարժումը հայտարարում է, որ համապետական ստորագրահավաք է սկսում՝ հանրագրի տեսքով։ Գոհար Մելոյանի կարծիքով՝ հանրագիրը 2015-ի սահմանադրական բարեփոխումներով ամրագրված հանրային վերահսկողության ու հանրային հաշվետվողականության ինստիտուտները կյանքի կոչող մեխանիզմ է։ Դրա միջոցով քաղաքացիները կարող են իրենց վերաբերելի հարցերով պետական մարմիններին դիմումներ ու պահանջներ ներկայացնել։ Հրապարակելով հանրագիրը՝ «Մեր ձևով» շարժման անդամներից Արթուր Միքայելյանն ասաց, որ բավարար թվով ստորագրությունների առկայությամբ հանրագիրը կրկին կներկայացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Միքայելյանը պնդեց, որ իրենք ներկայացնում են մեխանիզմ, որը հիմնավոր է և հաշվարկված։ 

«Մոտ 3 դրամի կարգով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է իջեցնի սակագինը։ Սա է մեր դիրքորոշումը ու մեր հանրագրի պահանջը»։

ՀԾԿՀ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հոսանքի սակագինն իջեցնելու այս նախաձեռնությունը մանիպուլյատիվ է ու քաղաքական բնույթ ունի։ Այդ ամենում շոուի էլեմենտներ է տեսնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նա մանրամասնում է՝ դիմումատուների հաշվարկներն արել են 2024-ի 6 ամսվա կտրվածքով ձևավորված օգուտների հիման վրա, ավելին՝ առաջարկում են 6 ամսվա կտրվածքով կատարված ներդրումները ներառել սակագին, ինչը կնշանակի ընդամենը 0,2 դրամի չափով սակագնի իջեցման հնարավորություն, և դեռ հարց է՝ վեց ամիս անց հնարավոր կլինի պահել այդ սակագինը.

«Ազգաբնակչության շրջանում շփոթ չառաջանա. և՛ օբյեկտիվորեն, և՛ սուբյեկտիվորեն ես այս երկրում այն առաջին անձնավորություններից մեկն եմ ի պաշտոնե, որ ես ինքս եմ շահագրգռված հնարավորինս արագ, եթե կա այդպիսի հնարավորություն, սակագին իջեցնելու, որովհետև դրա ամբողջ դիվիդենտները, բառիս բուն իմաստով, իմ ռեյտինգի, հեղինակության հետ է կապված լինելու։ Ինքնանպատակ կերպով սակագին չիջեցնելը, կներեք, անհեթեթ է»։  

«Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը համաձայն չէ, որ սակագնի նվազեցման իրենց նախաձեռնությունը քաղաքական բնույթ ունի։ Քաղաքական նպատակահարմարության մասին որակումը բացառելու համար էլ շեշտում է, որ գործընթացը մեկնարկել է դեռևս մինչև Սամվել Կարապետյանի ազատազրկումը, իսկ «Մեր ձևով» շարժումը ձևավորվել է դրանից հետո միայն։    

Սակագների թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ նոյեմբերի 25-ի աշխատանքային հանդիպմանը։ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել էր, որ արդեն կա նախնական պատկերացում՝ ինչ չափով կարող է վերանայվել էլեկտրաէներգիայի սակագինը։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել էր, որ սակագնի ձևավորումը պետք է լինի հիմնավորված, զերծ քաղաքական շահարկումներից և քաղաքացիներին հաճոյանալու մոտեցումներից։

«Շատ կարևոր է, որ գինը հիմնավորվածից ո՛չ ավելի լինի, ո՛չ պակաս։ Հիմնավորվածից պակաս՝ ինչի՞ համար եմ ասում, որովհետև, օրինակ, ես շատ երկրներում տեսել եմ, որ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, քաղաքական կոմպրոմիսներից ելնելով՝ ինչ-որ գներ են անընդհատ իջեցրել, ինչի հետևանքով համակարգերը եկել հասել են այն իրավիճակին, որ կոլապսի առաջ են»։

Փաշինյանը, որպես օրինակ, բերել էր իր այցելած երկրի փորձը, որտեղ տարիներ շարունակ արհեստականորեն ցածր պահված սակագների պատճառով մարդիկ մնացել են առանց կայուն էլեկտրամատակարարման և ստիպված են եղել օգտագործելու դիզելային գեներատորներ։ 

«Գինը պետք է լինի էֆեկտիվ. այն աստիճանի, որ համակարգի բնականոն գործունեությունն ու որոշակիորեն նաև զարգացումն ապահովի ու դրանից ոչ մի լումա ավելի։ Սա էլ է շատ կարևոր, որովհետև դրանից ավելին էլ արդարացված չէ»։  

Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ում արդեն արված հաշվարկները որոշակի պատկերացում են ձևավորել՝ ինչ չափով հնարավոր կլինի վերանայել սակագինը։  

«Մենք այս պահին արդեն որոշակի մոտավոր պատկերացում ունենք՝ ինչ չափով ենք կարողանալու վերանայել, և լիահույս եմ, որ առնվազն տարեսկզբից արդեն այդ վերանայման որոշումները կկայացնենք»։

Leave a Comment