Փողը չպետք է խնդիր լինի. Կոսը «TRIPP-ի մեխանիզմների մասին` պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին

ԵՄ-ն TRIPP նախագծի շուրջ քննարկումներ է տանում թե հայկական, թե ամերիկյան, թե ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ՝ պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին՝ բացառիկ մանրամասներ է հայտնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա  Կոսը։

Ի պատասխան հարցի՝ ԵՄ-ն պատրա՞ստ է աջակցել տրանսպորտային հաղորդակցությանը քաղաքական առումով և տեխնիկապես՝ լոգիստիկա, անվտանգության ստանդարտներ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նշել է․

«42 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը Միացյալ Նահանգների և ձեր երկրի միջև պայմանավորվածությունն է: Մենք նույնպես քննարկում ենք ամերիկյան կողմի հետ՝ կարևորելով հաղորդակցության ավելի լայն կարգավորումները։ Խոսքը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհի մասին է: Մեզ համար շատ կարևոր է, որ TRIPP-ը լինի դեպի արևելք և դեպի արևմուտք գնացող ուղիների մասը, և այդ ամենն արվի միաժամանակ»:

Կոսը մանրամասնել է, որ Հայաստանի տրանսպորտի նախարարից սպասում է  Հայաստանի առաջնահերթությունների ցանկը, որին ԵՄ-ն իր գաղափարները կավելացնի: Քննարկումներ են տարվում նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս առումով Միացյալ Նահանգների ներգրավվածությունը շատ մեծ կարևորություն ունի, քան պարզապես երկաթուղու 42 կիլոմետր կառուցելը: 

«Իմ առաջարկն էր ստեղծել բոլոր երկրների գործակցության հարթակ   կառավարությունների, միջազգային ֆինանսական կառույցների և նաև մասնավոր բիզնեսի համար։ Մեզ պետք են նրանք բոլորը անհնար է, որ ԵՄ-ն ֆինանսավորի ամեն ինչ: Հետո մեզ պետք են  ֆինանսավորողներ՝ Համաշխարհային բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, ՎԶԵԲ-ը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Մենք երկաթուղիներ չենք կառուցում, մասնավոր բիզնեսն է դա անում: Մենք նախ պարզում ենք առաջնահերթությունները, և ըստ այդմ իրագործում ընդհանուր նախագիծը»,- ընդգծել է Կոսը։

TRIPP նախագիծը կյանքի կկոչվի մաս առ մաս,  արդեն քննարկվել է դրա օրինակը: ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի խոսքով՝ եթե, օրինակ, կա ճանապարհ կամ երկաթուղի, որը հատում է սահմանը, բայց չկա գործող սահմանային անցակետ, նշանակում է, որ պետք է ֆինանսավորում ուղղվի սահմանային անցակետին:  

Սյսպես ասած, կապակցվածության օրակարգը, նոր է ձևավորվում։ Կոսը մանրամասնել է, որ նախարարական հանդիպումներ են եղել  Լյուքսեմբուրգում, նաև՝ Տաշքենդում, և լավ արդյունք կա:

«Ես կասեի՝ փողը չպետք է խնդիր լինի: Ինչո՞ւ: Որովհետև երբ ես խոսում էի բիզնեսմենների հետ, նրանք տեսնում են այս կապերի զարգացումը 4 ոլորտում՝ տրանսպորտ, էներգետիկա, առևտուր և թվայնացում: Սա նոր հնարավորություն է նրանց համար էլ։ Տրանսպորտային ուղիներից մեկը, օրինակ, գնում է ձեր երկրից կամ գալիս է նաև Բաքվից դեպի Վրաստան: Վրաստանը նույնպես այս օրակարգում է, անգամ եթե մենք նրանց հետ չենք բանակցում… Համակարգումը շատ, շատ կարևոր է ու դժվար՝ շատ երկրներ, տարբեր շահեր, տարբեր գումարներ, որոնք գալիս են տարբեր ոլորտներից, բայց ես ուրախ եմ, որ համակարգում եմ այս մասը»,-ընդգծել է Կոսը։

Leave a Comment