Գերմանիայում կայացած վերջին համերգային շրջագայությունը կարևոր փուլ դարձավ Արտաշես Մոսիկյանի, Արթուր Գրիգորյանի, Դալար Չիչեանի և Հայկ Ջուլհակյանի համար։ Նրանք կոմպոզիցիայով զբաղվող երիտասարդներ են, սովորում են Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում և «Պարոնյան» երաժշտական դպրոցում։ Նրանց մանկավարժը և ստեղծագործական ուղեկիցը կոմպոզիտոր Արփինե Կալինինան է, որը տարիներ շարունակ Երևանի մի շարք կրթօջախներում դասավանդելով՝ ձևավորում է ստեղծագործական մտածողությամբ պատանի հեղինակների նոր սերունդ։
Եռօրյա համերգային ծրագիրը ներառում էր ելույթներ Շտուտգարտում, Քյոլնում և Բրեմենում։ Սաները ներկայացրեցին իրենց դաշնամուրային և վոկալ ստեղծագործությունները։ Սա նրանց առաջին միջազգային համերգային շրջագայությունն էր, հնարավորություն՝ փորձելու ուժերը արտասահմանյան բեմերում և տեսնելու, թե ինչպես է իրենց երաժշտությունն ընկալվում նոր լսարանի կողմից։ Հանդիսատեսի ջերմ արձագանքներն ու հետաքրքրությունը սաների համար դարձան կարևոր մասնագիտական խթան։
Համերգների կազմակերպումն իրականացվել է Գերմանիայի Հայոց թեմի աջակցությամբ։ Սերովբէ Սրբազանը, Տեր Տիրատուրը, Տեր Հրաչը, Սայաթ սարկավագը և թեմի այլ ներկայացուցիչներ նպաստել են ծրագրի կայացմանը՝ ստեղծելով համագործակցային և ջերմ միջավայր։
Համերգային երեկոներում հնչեցին ոչ միայն հյուրախաղերին մասնակցող չորս երիտասարդ կոմպոզիտորների գործերը, այլև Արփինե Կալինինայի ստեղծագործական դասարանի այլ սաների ստեղծագործություններ։ Սա հնարավորություն տվեց ընդգծելու Կալինինայի ղեկավարությամբ ընթացող ստեղծագործական գործընթացի ընդգրկունությունն ու շարունակականությունը։
Վոկալ ստեղծագործությունների կատարման մեջ կարևոր դեր ունեցավ Գերմանիայում բնակվող սոպրանո Անուշ Նազարյանը, որի մասնակցությամբ գործերը հնչեցին ամբողջական և բեմական ավարտուն ձևով։ Ուղևորության կազմակերպման գործում մեծ դեր ունեցավ նաև Անահիտ Նորեյանը՝ ապահովելով ընթացքի համակարգված և հանգիստ կազմակերպումը։
Հատուկ այս ծրագրի համար յուրաքանչյուր սան ստեղծել էր նոր պիես՝ ներշնչված Կոմիտասի երաժշտական ժառանգությամբ։ Կոմիտասյան մեղեդիների ուսումնասիրությունն ու դրանց հիման վրա ստեղծագործական աշխատանքը նպաստեցին ազգային երաժշտության նոր ընկալմանը և այն կապեցին ժամանակակից երաժշտական մտածողության հետ։
Շրջագայության ավարտին երիտասարդ կոմպոզիտորները ձեռք բերեցին ոչ միայն բեմական փորձ, այլև իրենց ստեղծագործական հնարավորությունների ավելի խոր ըմբռնում։ Գերմանիայում կայացած երեք համերգները դարձան փորձառություն, որը կարող է հիմք դառնալ հետագա համագործակցությունների և միջազգային ծրագրերի համար։
Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երաժշտական կրթությունն առավել արդյունավետ է, երբ զուգորդվում է միջազգային շփումներով, բաց մշակութային միջավայրով և իրական բեմական փորձով։ Արփինե Կալինինայի առաջնորդությամբ իրականացված ծրագիրը երիտասարդ կոմպոզիտորների համար դարձավ նոր ճանապարհների սկիզբ։