Կինոթատրոններում և հեռուստատեսությամբ ֆիլմերի հայերենացումը. Մելիք Կարապետյանի դիտարկումները. «Վերնատուն»

Նոր օրենսդրական նախաձեռնության համաձայն, 2026 թվականից Հայաստանի կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ հեռարձակվող բոլոր ֆիլմերը պետք է ունենան հայերեն կրկնօրինակում կամ ենթագրեր։ Որոշման առավելությունների և խնդրահարույց կողմերի մասին զրուցում ենք կինոփորձագետ, պրոդյուսեր Մելիք Կարապետյանի հետ։

Մելիք Կարապետյանը նշում է, որ այս բոլոր 30 տարիների ընթացքում օրենքը խախտվել է։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է, նշանակում է, որ ցանկացած մասսայական միջոցառում պետք է լինի հայերեն թարգմանված կամ ենթագրերով։ Մինչ օրս կինոթատրոններում ֆիլմերը ցուցադրվել են ԱՊՀ երկրների համար նախատեսված դիստրիբուցիայով։ Դա նույնիսկ արվում էր Ռուսաստանում գործող հայ ներկայացուցիչների կողմից։ Ֆիլմերը թարգմանվում էին ռուսերեն և ուղարկվում ցուցադրման ռուսերեն կրկնօրինակմամբ (դուբլյաժով)։ Այդ հարցում կինոթատրոնների գործառույթը դառնում էր երկրորդական, և նրանք չէին ցանկանում ավելորդ ծախսեր կատարել հայերենացման համար։

«Կարևոր է հասկանալ, թե հունվարի 1-ից մենք ինչ իրավիճակ կունենանք։ Ինձ համար ամենացավալին այն է, որ մենք Հայաստանում մեր լեզուն չենք հարգում։ Կարծում եմ, այս մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ Ազգային ժողովում այդ փոփոխություններն ընդունված կլինեն, և դրանից հետո ժամանակ կտրվի, որպեսզի սկսվի իմպլեմենտացիան։ Չես կարող այսօր որոշում կայացնել ու վաղն անմիջապես փոխվել»,- նշում է Մելիք Կարապետյանը։

«Ենթագրեր ստեղծելը ծախսատար չէ, և վերջին տարիներին դրան հասել են փառատոները՝ տրամադրելով բավականին պրոֆեսիոնալ ու ընթեռնելի ենթագրեր։ Այդ խնդիրը շատ երկրներում կա։ Օրինակ՝ Գերմանիայում օրիգինալ լեզվով ֆիլմ, գրեթե, չի ցուցադրվում, որովհետև հանդիսատեսը չի դիտի այն, մինչդեռ ավելի փոքր երկրներում ընդհանրապես չեն թարգմանում, և դրանք ցուցադրվում են միայն ենթագրերով»։

Leave a Comment