Կոռուպցիոն սկանդալի ֆոնին Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել արդարադատության և էներգետիկայի նախարարներին

Քաղաքականություն

19.11.2025 | 17:52

Ուկրաինայի Գերագույն ռադան միաձայն քվեարկությամբ պաշտոնից հեռացրել է արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյին։ Նիստին ներկա բոլոր 323 պատգամավորները կողմ են քվեարկել, գրում է Current time-ը։

Ռադան պաշտոնանկ է արել նաև էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկին։ Նրա հրաժարականի օգտին քվեարկել է 315 պատգամավոր։ Գրինչուկը հրաժարական էր տվել նոյեմբերի 12-ին՝ սկանդալի ֆոնին, սակայն դեռևս չի մեկնաբանել  Ռադայի որոշումը։

Գալուշչենկոյին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է «Էներգոատոմ»-ում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Նա չի մեկնաբանել իր հրաժարականը, սակայն մի քանի օր առաջ պաշտոնից ազատվելուց հետո հայտարարել է. «Ես լիովին համաձայն եմ. անհրաժեշտ է քաղաքական որոշում կայացնել, որից հետո մենք կկարգավորենք բոլոր մանրամասները: Ես չեմ պահի նախարարի պաշտոնը: Ես կարծում եմ, որ հետաքննության ընթացքում պաշտոնից ժամանակավորապես հեռացումը քաղաքակիրթ և ճիշտ սցենար է: Ես կպաշտպանվեմ օրենքով և կապացուցեմ իմ դիրքորոշումը»:

Նախօրեին էլ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը նախկին փոխվարչապետ Ալեքսանդր Չերնիշևին երկու ամսով կալանավորել է այս  գործի նախաքննության շրջանակում: Նա մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընդդիմությունը նախօրեին արգելափակել էր Ռադայի ամբիոնը և նախարարների պաշտոնանկության վերաբերյալ քվեարկությունը խափանվել էր։ Ընդդիմադիրները պահանջում էին կառավարության ամբողջ կազմի, այլ ոչ միայն երկու նախարարի պաշտոնանկությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment