Գիտենք, թե ինչ խնդիրներ կարող է ստեղծել Հայաստանը․ Բրունու Ֆերնանդեշ — Armsport.am

Պորտուգալիայի ընտրանու կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որակազրկումից հետո վերադառնալով հավաքական, պատասխանել է լրագրողների հարցերին՝ կենտրոնանալով Ռոնալդուի հեռացման, Իռլանդիայի դեմ պարտության վերլուծության և թիմի նպատակների վրա։

«Մենք արդեն խաղացել ենք ցածր պաշտպանական գծերով թիմերի դեմ։ Մեզ անհրաժեշտ է գնդակը արագ տեղաշարժել, մրցակցին մեկ եզր քաշել, որպեսզի հետո առավելություն ստեղծենք մյուս եզրում՝ արագ փոխելով գրոհի ուղղությունը։ Մենք պետք է ավելի շատ խաղացողներ ունենանք տուգանային հրապարակում, որպեսզի այնտեղ իրարանցում ստեղծենք։ Կան բազմաթիվ ասպեկտներ, որոնք պետք է բարելավել։

Բայց բարելավումների անհրաժեշտությունը Իռլանդիայից կրած պարտության պատճառով չէ։ Փոփոխություններ պետք էր կատարել նաև այն ժամանակ, երբ հաղթեցինք Գերմանիային ու Իսպանիային։ Ցավոք, սխալներն ավելի շատ են քննարկվում պարտություններից հետո, քան հաղթանակներից։ Բայց խաղի մեր գնահատականը չի փոխվում արդյունքից։ Միակ բանը, որ պետք է այլ կերպ անել, հաղթելն է։ Մենք դրան սովոր ենք և պետք է շարունակենք։

Հայաստանը մեծ արագություն և որակյալ կիսապաշտպանություն ունեցող թիմ է։ Նրանք ագրեսիվ են, և մենք գիտենք, թե ինչ խնդիրներ կարող են ստեղծել։ Բայց մենք պետք է պարտադրենք մեր ֆուտբոլը, լինենք Պորտուգալիա, մեր ուժեղ կողմերը դարձնենք վճռորոշ և առավելագույնս կոտրենք նրանց առավելությունները։

Պորտուգալիայի նպատակը հաղթելն է։ Դա կախված չէ մրցակցից կամ պահից։ Մենք միշտ ցանկանում ենք հաղթել՝ անկախ նրանից, թե ում դեմ ենք խաղում, վարկանիշային 1-ին համարի՞, թե՞ 50-րդ։ Դաշտ ենք դուրս գալիս հաղթելու համար։ Մենք մեծ որակ ունենք, ունակ ենք հաղթելու թե՛ մեծ խաղերում, թե՛ դժվար խաղերում՝ ցածր պաշտպանական գծի դեմ։

Հունգարիայի դեմ բաց թողեցինք գոլը ստանդարտ դիրքից, հենց վերջում… Չկարողացանք վերահսկել վերջին 30 րոպեն։ Շատ պահեր ստեղծեցինք, նրանց դարպասապահն անցկացրեց հիանալի խաղ… Բայց դա չի փոխում այն փաստը, որ մենք ցանկանում ենք հաղթել Աշխարհի առաջնությունում։ Մենք երբեք դա չենք թաքցրել։ Երազանքն է բարձրացնել երկար սպասված Աշխարհի գավաթը։ Նույն կերպ էինք երազում նաև Եվրոյի մասին՝ և դրան հասանք 2016 թվականին։ Այս երազանքը միշտ կլինի մեզ հետ։ Բայց այն իրականացնելու համար պետք է հաղթել, քանի որ Աշխարհի առաջնություն դուրս գալը հենց վաղվա (մոտակա) արդյունքի շնորհիվ է»,- նշել է Ֆերնանդեշը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրի Պորտուգալիա — Հայաստան հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 16-ին։

Leave a Comment