Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն առաջարկել է ԱՄՆ-ում սպասվելիք հերթական «մեծ հաղթանակից» առաջ մի փոքր թարմացնել մեր հիշողությունը:
«Չէ՞ որ գործ ունենք քպ անունով աննախադեպ քաղաքական թիմի հետ, որն իր վարչապետի առաջնորդությամբ, երբեք չի վրիպում և միշտ «հաղթանակած» է դուրս գալիս՝ նույնիսկ ամենաանելանելի իրավիճակներից:
Եվ այսպես, քպ-ի տիեզերական մասշտաբի «հաղթանակները»:
«Արցախը Հայաստան է և վերջ» արեցին,
հետո պատերազմը հաղթեցին,
ապա որոշեցին Շուշիի և Հադրութի դեօկուպացումն ապահովել,
մի փոքր իջեցրին Արցախի հարցում նշաձողը,
ընթացքում պատահաբար Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում,
հայտարարեցին, որ Արցախում էթնիկ զտումներ չկան,
հպարտացան իրենց այդ նվաճումով՝ որպես սեփական հաջողության պատմություն:
վերջում էլ վերոնշյալ հերոսությունների շարքն եզրափակեց քպ-ական բացարձակ ունիկալ մի արարած՝ հայտնելով, որ Գրանադայում լուրջ հաղթանակի են հասել, չվախենանք (05.10.23թ): Հա, ու որ միջանցքի թեման էլ փակել են…
Կարծում եմ, ոչ էլ արժի սպասել ԱՄՆ-ին: Կարող ենք հիմիկվանից պայմանավորվել, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու: Իսկ ավելի ճիշտ՝ հաղթել ենք», – գրել է Ջուլֆալակյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: