Զարմանալի երկիր է Հայաստանը


-Իր շիք լեռներով ու անշուք տափարակներով,

գերված Արարատով ու Արարատյան ազատ դաշտավայրով,

-իր խամրող Արցախով ու դալար Էջմիածնով,

ներգաղթյալներով ու լռին արտագաղթով,

-իր մայր Երևանով ու անտեր գյուղակներով,

հայրենասիրությամբ ու օտարահաճությամբ,

-իր կեղծ իշխանավորներով ու անկեղծ որդիներով,

անձնուրաց քաջերով ու դավաճաններով,

-իր արարիչներով ու ավերիչներով,

ազատարարներով ու շղթայվածներով,

-իր քրիստոնեական խաչ-հավատքով ու ուրացյալներով,

առաքյալներով ու գործակալներով,

-իր ավանդապահ օջախներով ու

Ժողովրադավարական փոխնակ զոմբիներով,

-իր պատմությամբ ու անցյալներից հապճեպ փախուստներով,

հզորությամբ ու վտիտ-անզորությամբ,

-իր անհաշտությամբ ու հաշտվողականությամբ,

հանգստությամբ ու հաշվեհարդարներով,

-իր կենսախնդությամբ ու մելամաղձությամբ,

ինքամեծարանքով ու ինքնամերժությամբ,

-իր անուրջներով ու մղձավանջներով,

զվարթ արևներով ու մերկասառույցներով,

-իր արդիական կերպարանքով ու հնաոճությամբ,

գեղեցկությամբ ու պլաստիկ-խաբուսիկ դիմափոփոխությամբ…

Զարմանահրաշ երկիր է Հայաստանը,–

ինչքան կուզես՝ խույս տուր դու նրանից,

խռով եղիր, նեղված, լքված, որբ ու մենակ,

երկրպագում ես խորունկ էլի նրան՝ որպես հայր Աստծո,

սիրահա՛րն ես նրա խենթուխելառ:

Հրանտ Ալեքսանյան

Leave a Comment