Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը ապօրինաբար կալանավորվել է և գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որը ժողովրդի մեջ ընդունված է անվանել «ԿԳԲ-ի պադվալ»։

Թևանյանի պահման պայմանները հեռու են նորմալ համարվելուց։ Նոյեմբերի 16-ից այդ ամենին ավելացել էր նաև այն, որ նրա խուց էին տեղափոխել բժշկական փաստաթղթերով հաստատված հոգեկան հիվանդություններ ունեցող, հոգեբուժարանում վերջնական բուժում չստացած, էպիլեպսիայով տառապող, առողջական այլ լրջագույն խնդիրներ ունեցող, ինքնասպանության և ինքնավնասման բազմաթիվ փորձեր արած, գողության հոդվածով դատապարտված կալանավորի։ Նման որոշումը նաև այդ երիտասարդի իրավունքների կոպիտ խախտում էր։

 

Մեր հնչեցրած ահազանգին արագ արձագանքել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Սևակ Խաչատրյանը։ Ընդդիմադիր պատգամավորների միջամտության, ՄԻՊ գրասենյակի, Արդարադատության նախարարության( գերատեսչության դիմաց բողոքի ակցիայից հետո մեզ ընդունեցին նախարարության պատվիրակները՝ խոստանալով արագ կարգավորել խնդիրը) և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի ղեկավարության հետ ընդհանուր հայտարարի գալու արդյունքում երեկ երեկոյան, խնդիրը կարգավորվել է. առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից։

Քաղբանտարկյալների և կալանավորների խնդիրը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։

Ի դեպ, Շաքիում հայ կնոջ և նրա երեխաների վրա հարձակված ադրբեջանցի զինվորականը նույնպես գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Նրա պահման պայմաններն անհամեմատ ավելի լավ են, քան Անդրանիկ Թևանյանինը, և շատ ավելի լավ են, քան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանինը, ինչը պարզապես խայտառակություն է։ Սա բոլորիս արժանապատվության հարցն է։

 

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և ապօրինաբար կալանավայրերում պահվողներին»։

«Մայր Հայաստան» կուսակցության լրատվական ծառայություն

Leave a Comment