Իրանական ուղերձները՝ սպառնական-գործակցային ոճով. Ի՞նչ է կանգնած Հայաստանի շուրջ հնչող հայտարարությունների հետևում․ Շահան Գանտահարյան

Իրանական ուղերձները՝ սպառնական-գործակցային ոճով. Ի՞նչ է կանգնած Հայաստանի շուրջ հնչող հայտարարությունների հետևում․ Շահան Գանտահարյան


Իրանական ուղերձները՝ սպառնական-գործակցային ոճով. Ի՞նչ է կանգնած Հայաստանի շուրջ հնչող հայտարարությունների հետևում․«Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։


– Վերջին շրջանում ուշադրություն են գրավում Իրանի հոգևոր պետի խորհրդականի և փոխնախագահի՝ Հայաստանի ուղղությամբ արված հայտարարությունները, որոնք բովանդակային և ոճային առումով նկատելիորեն տարբերվում են։ Արդյո՞ք սա պետք է մեկնաբանել որպես ներիրանական տարբերությունների հետևանք։


-Այս հակասությունները չպետք է  մեկնաբանել ներիրանական տարբերություններով։ Խորհրդականը խոսում էր կարմիր գծերի մասին, բուռն կերպով դատապարտում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սահմանված գծերը անցնողներին սպառնում էր։ Մինչդեռ փոխնախագահը, համագործակցության շեշտը դնելով, խոսում էր ապագա ծրագրերի և Հայաստանին գազ մատակարարելու պատրաստակամության մասին։


– Եթե դիտարկենք այս երկու մոտեցումները, արդյո՞ք դրանցում կա ընդհանուր հասցեատեր։


– Այո, երկու պարագաներում էլ կար հստակ ուղերձ Մոսկվային։ Վելայաթին ասում էր, որ Իրանն առկա է այս տարածաշրջանում՝ նույնիսկ եթե ռուսները հեռանան այնտեղից, մինչդեռ Փուրմոհամեդին գազ մատակարարելու պատրաստակամություն էր հայտնում, եթե ռուսները գազ չտային Հայաստանին։


Մոսկվային ուղղված այս ուղերձներն իրար լրացնող են թե՛ անվտանգային և թե՛ տնտեսական առումներով։ Մակերեսային ընթերցումն անգամ համոզում է, որ ռուսներին պարտադրվող հեռացման և ապաշրջափակման ծրագրերից դուրս մղելու պարագայում Իրանը պատրաստ է լրացնել այդ բացը։


–Ո՞ւմ է ուղղված Ռուսաստանի դերակատարությունը իրանականով փոխարինելու այս պատգամը։


–Այն հիմնականում ուղղված է Անկարային, որը պատրաստվում է լրացնել ենթադրյալ այդ բացը։ Իրանն այստեղ առնվազն երկու հաշվարկ է կատարել։ TRIPP-ով Անկարան հիմնովին պիտի նպաստավորվի, որքան էլ ամերիկյան ընկերություններին պատկանեն այդ գործառույթները։ Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալու պարագայում Իրանը պետք է ապաշրջափակվի նաև այն տարածքներով, որտեղ ռուսների փոխարեն ամերիկյան վերահսկողություն կհաստատվի։


– Այս ամենում առանցքային դեր ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որին Իրանը փորձում է արձագանքել։ Ի՞նչ դիրքորոշում ունի Թեհրանը։


– Հանգույցը դարձյալ TRIPP-ն է, որի մասին Իրանի փոխնախագահը վերահաստատում է իր պետության դիրքորոշումը։ Նախընտրելով «Խաղաղության խաչմերուկ» ձևակերպումը՝ նա հայտնել է, որ իր երկիրը մշտապես շեշտել է երկու կարևոր կետ՝ շրջանի անվտանգությունը և խաղաղությունը պետք է ապահովվեն և պահպանվեն շրջանի երկրների միջոցով։Իրանն ընդառաջ է գնալու ցանկացած քայլի, որը կաջակցի տարածաշրջանի երկրների խաղաղության ապահովմանը, և բնականաբար՝ դեմ է լինելու անվտանգությունը խոչընդոտող ցանկացած քայլի։


 Իրանը չի կարող շրջանցվել նոր հաղորդուղիների նախագծի գործադրությունից։ Առանց «3+3» ձևակերպումն ուղղակիորեն օգտագործելու՝ Իրանը խոսում է տարածաշրջանի երկրների՝ Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցության մասին։ Եթե Ռուսաստանը դուրս մնա Հարավային Կովկասի նոր գործընթացներից, Իրանը մտադիր է ստանձնել այդ գործառույթները՝ միաժամանակ չարտոնելով Թուրքիային ամբողջությամբ վերցնելու ռուսական դերը։


–Վերջում ի՞նչ նշանակություն ունի գազ մատակարարելու պատրաստակամության մասին հայտարարությունը։


–Գազ մատակարարելու պատրաստակամությունը կարելի է ընկալել հենց այս շրջագծում։ Ի վերջո, հաղորդուղիները միայն ապրանքաշրջանառության չեն վերաբերում, այլ հիմնականում ուժանյութային արտահանումների՝ ոչ միայն Հայաստանին, այլև Հայաստանի ճամբով դեպի Արևմուտք՝ ավելի հեռահար կտրվածքով։

















Կարդացել են
15 անգամ

Leave a Comment