Առաջարկը կներկայացվի ԵՄ առաջնորդների հաջորդ հանդիպմանը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ուրբաթ օրը հայտարարեց, որ շուտով կներկայացնի «հավակնոտ առաջարկ»՝ ուղղված Եվրոպայի տեխնոլոգիական ինքնիշխանության ձգտման ֆինանսավորմանը։
Մայրցամաքը փորձում է նվազեցնել իր կախվածությունը ամերիկյան և չինական տեխնոլոգիաներից, սակայն եվրոպական տեխնոլոգիական ընկերությունները հաճախ տեղափոխվում են արտասահման, քանի որ հայրենիքում դժվարանում են ֆինանսավորում ներգրավել։
Դուբլինում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին Ֆոն դեր Լայենը նշեց, որ տեսել է «այս բացը լրացնելու գաղափարներ առաջ քաշելու ընդհանուր կամք»։
«Մեր հաջորդ հանդիպման ժամանակ ես հանդես կգամ հավակնոտ առաջարկով», – շարունակեց նա։ ԵՄ առաջնորդները նախատեսում են կրկին հավաքվել նոյեմբերի 26-ին և 27-ին։
Հանձնաժողովն ավելի վաղ՝ այս տարի, արդեն ուրվագծել էր «ռազմավարական տեխնոլոգիական կապիտալի ներդրումային մեխանիզմի» (strategic tech equity capacity) ստեղծման ծրագրերը։ Փորձագետների կարծիքով՝ սա կարող է օգնել պահպանել առանցքային տեխնոլոգիական ակտիվները Եվրոպայում։
Սակայն այս հիմնադրամը զգալի աջակցության կարիք կունենա, հատկապես այնպիսի ժամանակահատվածում, երբ եվրոպական կառավարությունների միջև արդեն իսկ տարաձայնություններ կան ԵՄ-ի հաջորդ երկարաժամկետ բյուջեի շուրջ։ Փորձագետներից մեկն առաջարկել է սկսել 10 միլիարդ եվրոյից։