Radar-Զրույցի այսօրվա հյուրն է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը։
Այսօր լրանում է գրող, հրապարակախոս, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ծննդյան 80-ամյակը։ Վասակ Դարբինյանը, որպես նրա ընկեր, մտերիմ, կիսվել է նրա մասին հուշերով.
«Մեր ծանոթությունը 1970-ականներից է, երբ ուսանող էի համալսարանում։ Ունեինք գրական ստուդիա, հրավիրում էինք, հաճախ քննարկումներ անում․ նաև այդ միջավայրում ենք ծանոթացել։ Հիշում եմ՝ երբ իր պատմվածքները տպագրվեցին, դրանից հետո նա հաճախ էր գալիս համալսարան։ Ես հանդիպեցի միջանցքում, ընդհանուր ընկերներ ունեինք, խոսեցի այդ պատմվածքների մասին, գովեցի: Նա շատ զգացմունքային չէր, բայց այդ պահին զգացի, որ հուզմունք զգաց: Նույնիսկ գրկախառնվեցինք, ասաց՝ շնորհակալ եմ այդ խոսքերի համար»։
Դարբինյանի խոսքով՝ Վանոն անկախության առաջին տասնամյակի տարիների խորհրդանիշերից էր․
«Վանոյի կերպարի մեջ տեսնում եմ Հայաստանի անկախությունը: Վանոյի հեռանալով՝ Հայաստանի անկախությունը վտարվեց Հայաստանից: Նա մի հոդված էր գրել 1990 թվականին՝ «Առաջին ու վերջին քայլ ազատության ճանապարհին», որը լույս տեսավ «Հայք» թերթում: Առանցքային միտքն էր, որ մեզ այդպես էլ չհաջողվեց ժողովրդի գիտակցությունից հանել առանց հովանավորի, առանց Ռուսաստանի ապրելու սարսափը: Նա, թերևս, չասեմ՝ միակն էր, բայց երևելի դեմքերի մեջ միակն էր, որ այդ միտքն անդադար շեշտում էր, որ պիտի կարողանանք ոչ թե հովանավոր փնտրել և ապավինել նրան, այլ ինքներս հարթենք դեպի անկախություն դժվարին ճանապարհը: Ցավոք, դա չներվեց նրան, և հենց դա էր պատճառը, որ նա, նախ, մեկուսացվեց, հետո՝ հարկադրված հեռացավ»։
Վասակ Դարբինյանի խոսքով՝ նրա հետ անկախության պատրանքները հեռացան։
