ՀԱՊԿ-ին՝ սառեցում, ԵԱՏՄ-ին՝ կանաչ լույս. ինչու (ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ)

ՀԱՊԿ-ին՝ սառեցում, ԵԱՏՄ-ին՝ կանաչ լույս. ինչու (ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ)

ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին զրկել են ձայնի իրավունքից։ Միաժամանակ, Հայաստանը զրկվել է  կազմակերպության քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելուց։

Որոշման հիմքում կազմակերպությանը անդամավճար չմուծելն է։ Այս իրավիճակը ստեղծվեց այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանը հայտարարեց ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու մասին.

«ՀԱՊԿ-ը ժամանակին իր պայմանագրային պարտավորությունները չի կատարել։ Երբ Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում է եղել, և մենք պաշտոնապես դիմել ենք ՀԱՊԿ-ին, նա չի կատարել իր պարտավորությունները»։

Պատգամավորի գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ի վարքագիծն արդեն իսկ ցույց է տվել կառույցի իրական հնարավորություններն ու Հայաստանի համար դրա արդյունավետությունը։

Սինորյանն ընդգծում է՝ կառույցից դուրս գալու կամ անդամակցության հետագա ճակատագրի վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն Հայաստանի իշխանությունների կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում կլինեն նաև համապատասխան հայտարարություններ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հռիփսիմե Գրիգորյանն էլ կարծում է, որ Հայաստանի հետաքրքրությունն այդ կառույցի նկատմամբ վաղուց սպառվել է, և այս պահին վերադարձի որևէ հեռանկար իշխանությունները չեն տեսնում.

«Եթե մեր գործընկերները քայլեր են ձեռնարկում, կարծում եմ՝ սա բավականին նորմալ է։ Հայաստանն ինքը քանի տարի շարունակ չի նշանակում ներկայացուցիչներ տարբեր պաշտոնների, և կարծում եմ՝ այս որոշումը, որը ՀԱՊԿ-ը կայացրել է, մեծ առումով մեզ համար խոշոր հաշվով ոչինչ չի փոխում»։

Միաժամանակ, Գրիգորյանի խոսքով` ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում այս պահին օրակարգում չկա․

«ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը արտահայտել է Հայաստանի հետ կապված հարցերում, և գտնում ենք, որ կազմակերպությունն ընդհանրապես իր գործառույթները չի կատարում։ Եվ սա միայն Հայաստանին չի վերաբերում։ Հարցականի տակ կարելի է դնել կառույցի ֆունկցիոնալությունը»։

Պատգամավորն ընդգծում է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումը չի նշանակում, որ նույն մոտեցումը կտարածվի նաև ԵԱՏՄ-ի վրա։ Ըստ Գրիգորյանի, Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ կազմում.  

«ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի օրակարգը շարունակում է մնալ համագործակցային, Հայաստանը որևէ նպատակ չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու։ Եվ ընդհանրապես, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի դեպքում, կարծում եմ, այս երկու կառույցները իրար կապելու ոչ միայն կարիք չկա, այլև որևէ հնարավորություն չկա․ դրանք երկու տարբեր կառույց են»։

Գրիգորյանը վստահեցնում է՝ Հայաստանը նպատակ չունի նվազեցնել ԵԱՏՄ-ի կարևորությունը և չի դիտարկում միության հետ հարաբերությունները սառեցնելու կամ վատթարացնելու որևէ օրակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment